1in.am-ը գրում է.

Այսօր Աֆղանստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Քվեարկությունն անցկացվում է ավելի քան 28 հազար ընտրատեղամասերում:

Քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով ժամը 7.00-ին (Երևանի ժամանակով՝ 6.30-ին) և կավարտվի ժամը 16.00-ին (15.30-ին): Կախված իրավիճակից՝ ընտրատեղամասերի աշխատանքը կարող է երկարացվել: Այս մասին հայտնում է AFP-ն:

Աֆղանստանի քաղաքացիները պետք է ընտրեն բազմամյա առաջնորդ Համիդ Քարզայի իրավահաջորդին: Քարզայը երկիրը ղեկավարում է 2001-ին թալիբների ռեժիմի տապալման պահից և չունի երրորդ ժամկետում ընտրվելու իրավունք:

Ընտրությունների ելքի նկատմամբ համընդհանուր ուշադրությունը բացատրվում է նրանով, որ նոր նախագահը պետք է գլխավորի երկիրը միջազգային կոալիցիոն ուժերի վերջնական դուրսբերման նախաշեմին: Դուրսբերումը ծրագրվում է այս տարվա վերջին: Նոր նախագահը պետք է ինքնուրույն վճռի երկրում անվտանգության ապահովման հարցը: 

Հաղթանակի գլխավոր հավակնորդներն են համարվում երեք թեկնածուներ՝ երկրի նախկին արտգործնախարար Ռասուլ Զալմայը, ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզային և նախկին արտգործնախարար Աբդուլլա Աբդուլլան: Եթե նրանցից ոչ ոք ավելի քան 50 տոկոս ձայն չհավաքի, մայիսի 28-ին կանցկացվի երկրորդ փուլ:

Այսօր երկրում անցկացվում են նաև ՏԻՄ ընտրություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել