Մենք` Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցներս, այլևս չհանդուրժելով հաստատությունում տիրող իրավիճակը, բաց նամակ ենք հղում լրատվամիջոցներին և ՀՀ գիտակից քաղաքացուն:
Միայն սեփական գրպանի պարունակությամբ մտահոգ, իր պաշտոնը որպես խոպան դիտարկող տնօրենը՝ Գայանե Մարգարյանը, իրավունք չունի աշխատելու մի հաստատությունում, որտեղ խնամվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ:
Գայանե Մարգարյանը երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսում երեխաներին կերակրելու համար, իսկ ստուգումների ժամանակ երեխաները զարմանում են ուտելիքի առատությունից և բազմազանությունից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Գայանե Մարգարյանը ներկայացնում է էքսկուրսիաների հաշվետվություններ, որոնցում ցույց է տրվում զգալի գումարների ծախսեր, սակայն երեխաները փոքրիկ քաղաքից այն կողմ ոչինչ չեն տեսել: Հաստատությունում չկան ոչ կոշկակար, ոչ վարսավիր և ոչ էլ այլ շատ անհրաժեշտ աշխատողներ՝ չնայած դրանց համար նախատեսված են հաստիքներ:
Հաստատության տնօրենին ոչ հարիր բառերով անպատվելով երեխաներին` տիկին Մարգարյանը, չփայլելով բարոյական կերպարով, ամեն անգամ երեխաներին հիշեցնում է, որ նրանց ծնողները անբարոյական են: Հիշեցնում է նաև, որ ինքն է նրանց հաց տալիս ու կարող է նաև չտալ: Վերջերս նույնիսկ մի խումբ բարձր դասարանի տղաներ մի քանի օրով հացադուլ էին հայտարարել, քանի որ տիկին Մարգարյանը, ըստ երեխաների, ալկոհոլ ընդունած եկել ու անպատվել էր իրենց` անվանելով «բոմժեր» և արգելել ճաշարանից օգտվել: Մարգարյանը երեխաների նկատմամբ բռնության ամենակոպիտ ձևերն է կիրառում` նրանց խփելով ոտքերով: Երեխաների մոտ տարածված խոսակցություններից է, որ տողանի օրը «ծեծի օր» է:
Գայանե Մարգարյանը իր պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում աշխատողների գերակշիռ մասի նկատմամբ մշտապես ցուցաբերել է վիրավորական, նվաստացուցիչ, արհամարհական և անհարգալից վերաբերմունք: Նույնիսկ հաշմանդամություն ունեցող աշխատողին անվանում է «չոլախ շուն»:
Իր և իր հարսի տնային գործերը (բրդեր լվանալը, մշակելը, կարելը, գորգեր լվանալը, պահածոներ պատրաստելը և այլն) աշխատանքի հաշվին անում են տնտեսական աշխատողները՝ իր աղախինները: Իսկ հերթական գնված բնակարաններում տղամարդիկ կատարում են շինարարական աշխատանքներ:
Մարգարյանի համախոհ-հանցակիցն է հաստատության տնտեսագետ Արթուր Ղալայանը, ով աշխատանքի ընդունված օրվանից վարպետորեն աշխատողների դեմ է տրամադրում տնօրենին: Նա հաստատությունում միաժամանակ զբաղեցնում է մի քանի հաստիք: Բոլոր հնարավոր ձևերով փորձում է օգուտ ստանալ ամեն ինչից՝ ընդհուպ երեխաների համար նախատեսվող հացից 3-4 հատ ամեն օր տուն տանելը: Մարգարյանը իր հանցակից ընկերոջը ծիծաղելիորեն համարում է իր պաշտոնի հաջորդ զբաղեցնողը, ինչի մասին հաճախ է հայտարարում:
Բացի երեխաների հետ դաժան ու անպատիվ վարմունքը, Մարգարյանը ամեն հնարավոր և անհնարին ձևերով բառացիորեն թալանում է հաստատությունը: Նա վերջին երեք տարվա ընթացքում 30 գոյություն չունեցող աշխատող է գրանցել, որոնցից են՝
1.Բարայան Նաիրա-մանկական կոլեկտիվի կազմակերպիչ
2.Քոչարյան Մհեր-շենքը հսկող տեսուչ
3.Մանուկյան Մանվել-հնոցապան
4.Դադայան Դիանա-սպասուհի
5.Օսիպյան Աշոտ-պահակ
6. Պավլովա Մարինա-սոցիալական աշխատող(գտնվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս)
7. Քոչարյան Մերուժան-պահակ (գտնվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս)
8. Դաշտոյան Սուսաննա-հոգեբան
9.Մարգարյան Ջեմմա-բուժքույր և այսպես շարունակ:
Մարգարյանը նշված հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը գրպանել է:
Վերջին շրջանում մի քանի բողոքներից հետո, յուրացումների ոճը փոխել է: Նա մի շարք հաստիքներ բաշխում է մոտ 30 աշխատողների վրա՝որպես լրացուցիչ պարտականություն.
1. Հայրապետյան Գարիկ-31000դրամ
2. Օսիպյան Յուրա- 13000դրամ
3.Ութ սպասուհիներ- յուրաքանչյուրին 14000 ական դրամ
4. Բարսեղյան Արմինե-37000դրամ
5. Ստեփանյան Արևիկ-31000դրամ և այսպես շարունակ:
Մարգարյանը այդ աշխատողներին տեղեկացնում է , որ իրենց աշխատավարձի հավելավճար կա, իսկ աշխատավարձ ստանալու օրը հետ է պահանջում այդ հավելումները:
Գ. Մարգարյանը նաև թոշակի անցած աշխատակիցներին վերջնահաշվարկ չի վճարել:
Բյուրեղավանը փոքր քաղաք է, աշխատատեղերը` քիչ: Հաշվի առնելով տնօրենին բնորոշ որոշ հատկանիշները՝ որոշել ենք դեռևս չհայտնել մեր անձնական տվյալները: Բացի այդ Մարգարյանի դեմ արդեն մի քանի նամակ-բողոք է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն նախարարության աշխատակիցները նամակի հետքերով գալիս են հաստատություն և աչք փակելով իրականության վրա, հեռանում են:
Ի դեպ, նախարարությունում նամակ-բողոքները ստանալու հաջորդ օրը Մարգարյանը իմանում է դրանց բովանդակության մասին: Նամակ գրողի հետագա աշխատանքային առօրյան դժոխքի է վերածվում տնօրենի հետևողական սպառնալիքների, կրճատումների մասին հիշեցումների ու անպատվումների շնորհիվ: Մարգարյանը աջ ու ձախ հայտարարում է, որ նախարարի «դաբրոն ունի, հանրապետականը իր թիկունքին է, դատախազությունն էլ առել է»: Ամբողջ աշխատակազմը աշխատում է վախի մթնոլորտում:
Մենք հայտարարում ենք, որ Գայանե Մարգարյանը իր ագահությամբ, վարվեցողության կանոնների կատարյալ բացակայությամբ լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն մեր հաստատության, այլև առհասարակ երկրի համար: Նրա ճնշումների արդյունքում դաստիարակվում են ըմբոստության անընդունակ, խեղճ, տարրական կենցաղային պայմաններից զուրկ, կոտրված երազանքներով ՀՀ քաղաքացիներ, ովքեր առաջիկայում կյանք են մտնելու:
Մենք կարծում ենք, որ հասարակական լայն զանգվածներին տեղյակ պահելով այս մասին, հանրային կարծիքի ճնշման ներքո միայն կարող ենք փոխել մեր հաստատությունում տիրող այս իրավիճակը: