Նկարագրություն
Հայաստանի Հանրապետությունը փնտրում է վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացող մասնագետների: Վարչապետը պետք է կարողանա ապահովել ինչ-որ (ցանկալի է երկնիշ) տնտեսական աճ, վարել կառավարության նիստեր և մի ամբողջ ազգի անորոշ ժամկետով վարակել լավատես էնտուզիազմով: Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Բոլոր խելացի, աշխույժ և լավատես 25-65 տարեկան անձանց քաջալերում ենք ուղարկել ռեզյումեները Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1։
Պարտականություններ
- Յուրաքանչյուր հինգշաբթի ներկայանալ կառավարության նիստերին և ստեղծել բուռն զարգացող տնտեսության տպավորություն:
- Համոզիչ բացատրել` ինչու նախորդ հինգշաբթի օրվա բուռն զարգացող տնտեսության պտուղները դեռ չեն երևում:
- Ելույթ ունենալ Ազգային ժողովում, պատասխանել օրենսդիրների հարցերին, չնեղվել Հրանտ Բագրատյանի հարցերից:
- Եռամսյակը մեկ բացատրել` ինչու Գյումրիի տեխնոպարկը դեռ չի բացվել:
- Սրամիտ պատասխաններ տալ երկրում արտագաղթի ուժգնացող տեմպերի մասին:
- Հայաստան գրավել ներդրումներ: Եթե ներդրումները շահավետ չեն, բացատրել` ինչու կառավարությունը մեղք չունի:
Պահանջներ
- Թեկնածուն պետք է լինի շփվող, լեզու գտնի կառավարության այլ անդամների հետ` ներառյալ օլիգարխ (փոխ)նախարարների, բութ (փոխ)նախարարների և անհասկանալի (փոխ)նախարարների:
- Թեկնածուն պետք է կարողանա աշխատել լարված պայմաններում` չտրվել հրաժարական տալու` ընդդիմության կոչերին:
- Լակոնիկ պատասխաններից բացի, ԱԺ պատգամավորներին տալ խորքային, ցանկալի է` բարդ ստորադասական նախադասություններով համեմված բովանդակային պատասխաններ:
- Վարել սեփական էջը Թվիթերում և Ֆեյսբուքում: Հավաքել ոչ պակաս քան 5000 հետևողներ:
- Տիրապետել հայերեն, ռուսերեն, ինչու ոչ նաև անգլերեն, սակայն, հաշվի առնելով երկրի կուրսը, հիմնականում ռուսերեն լեզուներին:
- Տիրապետել Mac OS օպերացիոն համակարգին, քանի որ, չնայած Apple ընկերության հորդորներին, ՀՀ կառավարությունը օգտվում է Macbook Pro համակարգիչներից:
- Կիթառի կամ այլ երաժշտական գործիքի տիրապետելը պարտադիր չէ:
Հայտարարությունը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 30-ից:
Նյութի աղբյուր՝ http://www.armcomedy.com/2014/04/03/varchapet-vacancy/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել