Հենրիխ Մխիթարյան. Դժվար թե երկար դիմակայեի ԱրոնյանինArmsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդում հարցազրույց է տվել «Ռոսիսկայա գազետայի» թղթակից Արթուր Նանյանին: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:

 

 
- Հենրիխ, ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջեւ առաջին մրցաշրջանում:

- Ղեկավարությունը խնդիր է դրել՝ զբաղեցնել երկրորդ տեղը Գերմանիայի առաջնությունում, հաղթել երկրի գավաթը եւ դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Ինչ վերաբերվում է ինձ, ապա լավ կլիներ խփել շատ գոլեր, տալ շատ փոխանցումներ:
 
- Որքանով ինձ հայտնի է, ամռանը Դուք մենակ չեք ժամանել «Բորուսիայի» հետ ծանոթանալու:
 
- Այո, ինձ ուղեկցում էր մայրս:
 
- Ինչպե՞ս են գործերը թիմակիցների հետ: Ֆուտբոլից դուրս շփվու՞մ եք:
 
- Թիմում կա ավանդույթ՝ բոլորով միասին գնալ ռեստորան: Դա օգնում է միմյանց ավելի լավ ծանոթանալ: Ստացվում է, որ մենք ավելի մտերիմ ենք դառնում, բացի այդ չի խանգարում լրացուցիչ անգամ համեղ ուտելը:
 
- Ռեստորանները, հավանաբար, գերմանական են: Իսկ ի՞նչ կասեք՝ խաղընկերներին իսկական խորովածի շուրջ տեսնելու կապակցությամբ:
 
- Հաճույքով, եթե Դորտմունդում բացվի հայկական ռեստորան: Առայժմ նման բան ես չեմ տեսել:
 
- Վերջերս  ինտերնետում հայտնվեց ձեր մանուկ հասակի լուսանկար, որում Դուք «Բորուսիայի» մարզաշապիկով եք: Մի՞թե, դեռ այն ժամանակ երազում էիք խաղալ դորտմունդցիների կազմում:
 
- Այդ լուսանկարում 11 տարեկան եմ: Մարզիչը երեխաների ծնողներից հավաքել էր գումար մարզահագուստի համար: Այդ ժամանակ Հայաստանում որեւէ հայտնի ակումբի մարզաշապիկ ձեռք բերել հնարավոր չէր: Բայց մեր մարզիչը կարողացավ գտնել տարբեր ակումբների անհրաժեշտ քանակությամբ մարզաշապիկներ, որոնք բերել էին Չինաստանից: Ինձ բաժին հասավ «Բորուսիան», այնպես որ, ինչ-որ առումով դա ճակատագիր է:
 
-Բացի ֆուտբոլից, ի՞նչ հոբբի ունեք:
 
- Սիրում եմ երբեմն դուրս գալ քաղաք եւ զբոսնել: Երբ ինձ մոտ են գալիս մայրս կամ քույրս, ապա անպայման դուրս եմ գալիս նրանց հետ մաքուր օդ շնչելու: Ի դեպ, քրոջս համար Դորտմունդը հեռու չէ, քանի որ նա աշխատում է ՈւԵՖԱ-ում եւ ապրում է Նիոնում: Բացի զբոսանքից, սիրում եմ շախմատ խաղալ:
 
- Իսկ ու՞մ հետ եք խաղում:

- Հիմնականում ինտերնետում: Երբեմն լինում է, որ 2-3 ժամ չեմ հեռանում համակարգչից:
 
- Որտեղի՞ց նման սեր դեպի այդ խաղը:
 
- Հավանաբար նրանից է, որ շախմատը նման է ֆուտբոլին: Երկու դեպքում էլ հարկավոր է անընդհատ մտածել եւ կայացնել ճիշտ որոշումներ:
 
- Ցանկություն չի եղե՞լ մրցելու հայտնի հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ:
 
- Չեմ կարծում, թե կկարողանայի երկար դիմակայել նման վարպետի, սակայն փորձել, հավանաբար, կարելի է:
 
- Լսել եմ, որ Դուք նաեւ լավ երգում եք:
 
- Հավանաբար, Դուք դիտել եք տեսանյութը, որտեղ ես դեռ հանդես էի գալիս Դոնեցկի «Շախյորում» եւ երգեցի ոսկե մեդալների հանձման արարողության ժամանակ: Հետաքրքիր պատմություն էր: 2012/13թթ, մրցաշրջանի մեկնարկից առաջ, երգչուհի Գայտնան, որը համարվում է «հանքափորների» երկրպագու, խոստացել էր, որ ակումբի հիմնը կերգի հայերեն, եթե Մխիթարյանը դառնա լավագույն ռմբարկու: Ինձ հաջողվեց խփել 25 գնդակ եւ դառնալ լավագույն ռմբարկու, իսկ Գայտանան պահեց խոստումը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել