Երեկ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ մայիսից Եվրոպան ուկրաինական ապրանքների համար միակողմանի բացելու է իր շուկան: Վերջինիս խոսքերով, իրենց առայժմ հաջողվել է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, իսկ տնտեսականի համար վերցրել են «մի փոքր դադար», բայց անկախ այդ դադարից, իրենք նաև հասել են նրան, որ Եվրոպան միակողմանի պատրասվում է առանց որևէ խոչընդոտի բացել իր դռները ուկրաինական ապրանքների և ծառայությունների համար: Անկասկած, սա շատ լավ կարող է անդրադառնալ Ուկրաինայի տնտեսության վրա ու այնպես չէ, որ շատ մեծ բեռ կլինի ԵՄ-ի համար, բայց եթե նույնիսկ լինի էլ, ապա դա կլինի կարճաժամկեետ հեռանկարում, իսկ երկարաժամկետ հեռանկարում դա միևնույնն էլ լինելու է ԵՄ-ի հաղթանակը:
Տեսեք, ԵՄ-ի նման քայլը ցույց է տալիս, որ Արևմուտքում դեռ ետ չեն կանգնել Ուկրաինան տնտեսապես «գրավելու» մտքից, պարզապես, անելով այս ասիմետրիկ քայլը, փորձում են սրանով հնարավորինս նվազեցնել Ուկրաինայի` Ռուսաստանից կախվածությունը, որը ժամանակի ընթացքում, ուշ թե շուտ, կփոխարինվի ԵՄ-ից կախվածության: Բանն այն է, որ երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ում շատ լավ հասկանում են, որ Ուկրաինային կտրելով Ռուսաստանից` իրենք շատ արագ տնտեսապես կկլանեն Ուկրաինան:
Խնդրում եմ հանկարծ սխալ չհասկանալ: Այնպես չէ, որ ես ինչ-որ մեկին քննադատում եմ այս նախաձեռնության համար, կամ էլ ասում եմ, որ ԵՄ-ի տնտեսական էքսպանսիայից հասարակ ուկրաինացիները ֆինանսապես կտուժեն: Ասեմ ավելին, նույնիսկ կարող են և շահել, կարող են ստեղծվել աշխատատեղեր, պարզապես այս ամենի միակ վտանգն այն է, որ եթե Ուկրաինան ժամանակի ընթացքում ամբողջությամբ ազատականացնի իր շուկան ԵՄ-ի համար, ասել է թե, ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ այդ երկրի տնտեսվարող սուբյեկտները սկսեն «հավասարը հավասարին» մրցակցել եվրոպացիների հետ, ապա պարզ է, որ չեն դիմանա մրցակցությանը և կհայտնվեն սնանկության եզրին: Մյուս կողմից, դա չի նշանակում, որ Ուկրաինայի բնակչությունը դրանից կաղքատանա, կամ էլ աշխատատեղերի թիվը կկրճատվի. բնավ՝ ոչ, աշխատատեղերի կարող են նույնիսկ շատանալ, պարզապես մի որոշ ժամանակ անց ուկրաինացիներն իրենց իսկ երկրում կհայտնվեն «գաստերբայտերի» (արտագնա աշխատող) դերում` կսկսեն աշխատել եվրոպացիների մոտ, եվրոպացիների համար: Ընդամենն այդքանը:
Այնպես որ, այն հայտարարությունը, որ ԵՄ-ը շուտով կբացի իր շուկան Ուկրաինայի համար, ոչ թե լավ, այլ շատ լավ է, բայց այն, որ դրանից մի որոշ ժամանակ անց Ուկրաինան է բացելու իր շուկան ամբողջությամբ ԵՄ-ի առջև, չգիտեմ, թե ինչքանով լավ կլինի Ուկրաինայի համար: Եթե հաշվի առնենք այն, ինչը քիչ առաջ ասացի, ապա կարող է և շատ լավ լինել: Այստեղ հարցն այն է, թե ինչ են իրականում ուզում ուկրաինացիք: Այ սրա պատասխանն այսօր ստանալը բավականին բարդ է:
Իհարկե, մինչ այս պոտենցիալ սցենարի իրականացումը, պետք է դեռ հետևել ուկրաինական ճգնաժամի ընթացքին: Ամեն ինչ հենց այդպես միանշանակ չէ, որ մայիսին կամ էլ հունիսին Ուկրաինան ստորագրելու է ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի նաև տնտեսական մասը, որի արդյունքում հարցին վերջակետ կդրվրի: Դեռ պետք է տեսնել, թե ինչպես է լուծվելու Ուկրաինայի հարավարևելյան շրջանների հարցը: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը թե՛ Ուկրաինայից, թե՛ առավել ևս վերը նշված շրջաններից հենց այդպես ձեռք կքաշի և թույլ կտա, որ ԵՄ-ը տնտեսապես կլանի նաև իր պատմական շրջանները: Այնպես որ, սպասենք իրադարձությունների զարգացմանը:
Վերադառնալով Յացենյուկի ոգևորվածությանը` ցանկանում եմ ասել, որ նման պատմական որոշումները պետք է կայացվեն ժողովրդի բոլոր շերտերի կամքով, այլ ոչ թե դրա մի հատվածի, որը դեռ հարց է մեծամասնություն է կազմում, թե` ոչ:



