Այսօր Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչեց: Սա փաստացի այն էր, ինչի համար պայքարում էին մարդիկ: Դե ինչ, անկախ ամեն ինչից, Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը կարելի է առնվազն որակել պատմական: Սա աննախադեպ իրավիճակ է, որ գրանցվում է Հայաստանի նորագույն պատմության մեջ, երբ դատական իշխանությունը վերջապես համարձակվում է «դեմ» դուրս գալ գործադիրին: Մի բան, որը ՍԴ-ն տեսականորեն պարտավոր է անել` ելնելով Սահմանադրությունից, և որը մինչ այժմ չէր արել` ելնելով երկրում ձևավորված քաղաքական մեռած համակարգից: Բայց դե կույր լինելու չափ լավատես լինելն էլ ճիշտ չէ: Ես այնքան էլ ռոմանտիկ չեմ` կարծելու, որ այս որոշումը կայացվեց Հայաստանում առկա և կայացած բարձր ժողովրդավարական արժեքների ֆոնին:
Տեսեք, Հայաստանում սոցիալական վիճակն արդեն այնքան ծանր է, և մարդիկ այնքան զզված են ներկայիս իշխանությունների ամենաթողությունից և տարվող քաղաքականությունից, որ չէի զարմանա, որ ՍԴ-ի այլընտրանքային որոշման դեպքում Հայաստանում այդ դժգոհ զանգվածը` այս դեպքում մեծամասնությունը, «Հայկական Մայդան» կիրականացներ, առավել ևս, երբ 4 ոչ իշխանական ուժերը, ինչպես նաև «Դեմ եմ» նախաձեռնող խումբն ավելի վաղ սպառնացել էր դիմել սոցիալական անհնազանդության: Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել հետևյալը. իշխանությունները, հասկանալով իրենց իշխանությանը սպառնացող պոտենցիալ վտանգները, առավել ևս գիտակցելով այդ վտանգների համար ստեղծված անհրաժեշտ հանգամանքները, ընտրեցին այդ միտման կանխման ուղին:
Ինչ խոսք, իշխանությունների կողմից փորձ կարվի անգամ սա ներկայացնել որպես քաղաքացիական հասարակության հաղթանակ և նույնիսկ եթե սրանում կարողանան համոզել միջազգային հանրությանը` «ժողովրդավարության ջատագովներին» Արևմուտքում, անձամբ ինձ համար այդ փաստարկը համոզիչ չի լինի, քանի որ սա ավելի շուտ նման էր իշխանությունների կողմից ռացիոնալ հաշվարկի, քան ժողովրդավարությանը տեղի տալուն: Այնուամենայնիվ, շնորհավորում եմ բոլորիս, քանի որ մենք վերջապես ձերբազատվեցինք հավելյալ թալանից:
Հ.Գ. Անգամ չեմ էլ համարձակվի նսեմացնել քաղաքացիական հասարակության գործունեությունը այս հարցում, պարզապես պետք է իրատես լինել, որ մեր երկրի նման երկրում այս օրինագիծը նույնպես կմարսվեր այնպես, ինչպես որ մարսվել են ավելի խայտառակ օրենքներ, եթե չլինեին ստեղծված հանգամանքները: