Ուկրաինայում տիրող ներքին պայքարի ֆոնին, մասնավորապես գործող իշխանությունների և ծայրահեղական «Աջ սեկտոր» կուսակցության զինյալների միջև, ԵՄ-ը հանկարծ հիշել է, որ գոյություն ունի փետրվարի 21-ին կնքված համաձայնագիրը: Խոսքն այն համաձայնագրի մասին է, որը, ի դեպ, կնքվել էր Յանուկովիչի և ԵՄ-ի արդեն ներկայիս իշխանությունների միջև, ինչպես նաև Ռուսաստանի միջնորդությամբ՝ ուղղված ուկրաինական քաղաքական ճգնաժամի կարգավորմանը: Ինչ խոսք, հիշելը հիշել են, սակայն յուրովի, ասել է թե, համաձայնագրի այն մասը, որն իրենց ներկա դրությամբ ավելի ձեռնտու է:
Տեսեք, բանն այն է, որ ըստ այդ համաձայնագրի, ամեն ինչից զատ, պետք է նաև քայլեր ձեռնարկվեին զինաթափելու բոլոր այն մարդկանց, ովքեր կրում էին անօրինական զենք, իսկ այդպիսի մարդկանց պակաս չէր զգացվում ինչպես նախահեղափոխական շրջանում, այնպես էլ` պոստհեղափոխական: Այժմ, ինչպես գիտեք, Ուկրաինայի ներկայիս իշխանությունները՝ ի դեմս ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի, սկսել են իսկական որս կոնկրետ «Աջ սեկտոր»-ի նկատմամբ, քանի որ հիմնականում անօրիանական զենք կրողները հենց այդ կուսակցության զինյալներն են: Այս կապակցությամբ երեկ Գերագույն ռադան նույնիսկ որոշում ընդունեց անմիջապես զինաթափել վերը նշված կատեգորիային պատկանող մարդկանց:
Հիմա եկեք վերադառնանք նրան, թե կոնկրետ ինչ ուղերձ են հղել ԵՄ երեք այն արտգործնախարարները, որոնք ուղղակի մասնակցություն են ունեցել փետրվարյան համաձայնագրի կնքման գործում և ինչ պատասխան է դրան տվել Ռուսաստանը: Այսպիսով՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Ուկրաինայի իշխանություններեը պետք է հետևեն փետրվարի 21-ին կնքված փաստաթղթին և օր առաջ զինաթափեն բնակչությանը և վանեն իրենցից ծայրահեղական խմբավորումներին: Սրան ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ տարածել է հայտարարություն և կարծիք հայտնել, որ նախարարների եռյակը փաստացի հաստատել է փետրվարյան համաձայնագրի կենսունակությունը և հասկացել, որ առանց Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր չէ լուծել ուկրաինական ճգնաժամը:
Ինքս մասամբ համաձայնեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության հետ: Այն, որ ուկրաինական ճգնաժամը առանց Ռուսաստանի մասնակցության պարզապես չի կարող լուծվել, ակնհայտ է, բայց ինչ վերաբերում է փետրվարյան համաձայնագրի կենսունակությանը, կարծում եմ՝ Ռուսաստանը մի քիչ չափազանցնում է: Եռյակից ոչ մեկը ոչ մի դեպքում չի խոսել այդ համաձայնագրի բոլոր կետերի մասին: Նրանք կոնկրետ մատնանշել են իրենց համար նպատակային և ձեռնտու կետերը, ասել է թե՝ դրսևորելով դասական երեսպաշտություն: Այնպես որ, առայժմ ուկրաինական ճգնաժամի լուծման ուղղությամբ Արևմուտքի կողմից ոչ մի հստակ կառուցողական մոտեցում ես չեմ տեսնում: