Չեմպիոնների լիգայի առաջին խաղերում գրանցվեցին մարտական ոչ–ոքիներ։ Միևնույն 1-1 հաշիվներով ավարտվեցին «Բարսելոնա»–«Ատլետիկո» Մադրիդ և «Մանչեսթր Յունայթեդ»–«Բավարիա» հանդիպումները։
Իհարկե, մարզական և հոգեբանական առումով, մի փոքր առավելություն ունեն այսօրվա հյուրերը, սակայն երկու զույգերի պատասխան խաղերում ինտրիգը պահպանվում է, որովհետև նման կարգի ակումբների համար հարաբերական են «սեփական դաշտ» կամ «մրցակցի դաշտ» կատեգորիաները։
Արդեն այսօր Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի Դորտմունդի «Բորուսիային», որի կազմում հանդես է գալիս մեր հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը։
Մադրիդցիները շարունակում են պայքարը Իսպանիայի չեմպիոնության համար՝ առաջատարին զիջելով ընդամենն երեք միավոր։ Մխիթարյանի թիմը կորցրել է Գերմանիայի չեմպիոն դառնալու հնարավորությունը և համառ պայքար է մղում երկրորդ տեղի համար։
Այս խաղում՝ մասնագետները բացահայտ ֆավորիտ են համարում մադրիդցիներն՝ թեև տեղին է հիշեցնել, որ անցած մրցաշրջանում՝ երկու թիմերի դիմակայությունն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով։
Քառորդ եզրափակչի մյուս խաղում՝ Ֆրանսիայի առաջնության անվիճելի առաջատար «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալելու է Լոնդոնի «Չելսիին», որը, կարծես թե, կորցրեց Անգլիայի չեմպիոն դառնալու հնարավորությունը։ Մասնագետները վաղվա խաղում գերապատվությունը տալիս են տանտերերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել