Psymag.am-ը գրում է.
Հարցրեք ձեր ընկերուհիներից, թե նրան ի՞նչն է ամենաշատը անհանգստացնում իր զուգընկերոջ մեջ, և հավանաբար, նրանց մի մասը, կպատասխանի` բողոքելու, փնթփնթալու սովորությունը, մշտական դժգոհ լինելը: Իրոք, դա է և՛ կանանց, և՛ տղամարդկանց բնորոշ թերությունը:
«Ինչո՞ւ այս և ոչ թե այն», «Այն ժամանակ ինչո՞ւ վարվեցիր այսպես և ոչ թե այնպես»… Այս անվերջանալի «ինչո՞ւ»-ները իրենց մեջ վտանգ ունեն զուգընկերոջ հետ հաղորդակցվելու հարցում փչացնելու տրամադրությունը, զրկելու անմիջականությունից և աստիճանաբար կորցնելու ճշգրիտ պատկերացումը սեփական անձի նկատմամբ:
Հիշենք, թե քանի անգամ եք ստիպված եղել չասել այն, ինչ մտածել եք, չընդունել անհրաժեշտ որոշում, չգնալ ընկերուհու հետ, որևէ ցանկալի բան չգնել լոկ այն պատճառով, որ խուսափեք սիրելի մարդու փնթփնթոցից ու տհաճ դիտողություններից:
Անվստահության ամենօրյա ախտանիշը
Այդ սովորույթը շատերն ունեն: Մարդը հազիվ թե խոստովանի, որ իրոք սիրում է բողոքել կամ մշտապես դժգոհ լինել, այլ խոսքով, հակում ունի հոգնեցնել ուրիշներին: Եթե ձեր զուգընկերն այդպիսին է, հավանաբար դուք պարզել եք, որ նրա ցանկությունը կատարելով` լիցքաթափում եք լարվածությունը: Ամեն օր նրան ինչ-որ նոր բան է զայրացնում: Եթե դա խանդ չէ, ապա հանդիմանանք. «Ինչ երկար ես խոսում հեռախոսով», եթե հեռախոսը չէ, ապա մեղավորը կլինի հեռուստատեսային կինոնկարը կամ վառված ճաշը, ճաշը չէ, ուրեմն երեխաներն են, աշխատանքը և այլն: Այս ամենի պատճառն այն է, որ դժգոհությունը վերաբերմունքի ձև է, ախտանիշ, որի ետևում թաքնված են անհամեմատ ավելի խորը հիմնախնդիրներ: Օրինակ` նա կարող է բողոքել ուտելիքից, բայց ըստ էության, պարզապես հոգնել է աշխատավայրում, բայց չի ուզում խոստովանել: Գրեթե բոլոր դեպքերում նա, ով բողոքում է, իրեն իր տեղում չի զգում: Այլ խոսքերով ասած` ինքն իր սեփական հոգու բանալին դեռևս չի գտել: Ահա և ստացվում է, որ բոլորը մեղավոր են, և ինչ-որ մեկը պետք է պատասխան տա: Ստիպված ենք պատասխան տվողը լինել:
Այդ սովորույթի ետևում թաքնված է ագրեսիվությունը
Եթե մարդն ի վիճակի է մշտապես լավ տրամադրություն և հարաբերություն պահպանել մարդկանց հետ, եթե նա կարող է առանց դրամայի ուտել անհաջող ճաշը կամ նայել վատ կինոժապավենը, ապա դա նշանակում է, որ նա ինքն իր հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, իրեն լավ գիտե, հասկացել է շրջապատի կարևոր դերը իր կյանքում, միանգամայն հանգիստ է և փուչ բաների պատճառով չի զայրանում, չի դժգոհում և չի փնթփնթում: Մշտական դժգոհությունն ագրեսիվության, ավելի ճիշտ, «թաքնված» ագրեսիվության ձև է, որն էլ, իր հերթին, կապված է կորցնելու զգացման հետ, ինչից մենք կախում ունենք: Օրինակ. «Ես չեմ կարողանում հասկանալ ինքս ինձ, չեմ կարողանում հավասարակշռվել, որովհետև կախում ունեմ քեզանից և վախենում եմ մենակ մնալ, կորցնել քեզ»:
Ավելի լավ չէ՞ արդյոք մշտական դժգոհության փոխարեն պարզ ու անկեղծորեն ասել. «Ես ինձ անվստահ եմ զգում, որովհետև վախենում եմ լքես ինձ, եթե հաջողության չհասնեմ աշխատանքում, քեզ համար այլևս ոչինչ չեմ նշանակի…»: Նման անկեղծ խոստովանությունը կլուծի ցանկացած զույգի շատ հիմնախնդիրներ:
Նյութն ամբողջությամբ` այստեղ