Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը մարտավարական դիտանկյունից ուսումնասիրելիս կարևոր է նշել այն փաստը, որ առաջին խաղակեսի ավարտին գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը 73-27 էր՝ ի օգուտ կատալոնացիների: Հանդիպման մեկնարկից կապտառնագույնները ապավինել էին «կեղծ 9 համարով» գործելու մարտավարությանը և նախանշյալ Մեսի-Նեյմար-Ինիեստա հարձակման եռյակին ավելի հաճախ միանում էր Սեսկ Ֆաբրեգասը: Հատկանշական է, որ Ինիեստան և Ֆաբրեգասը դիրքավորման առումով չէին փոխվում միմյանց հետ և 8 համարին ավելի շատ տեսնում էինք ձախ ընդգծված հարձակվողի դիրքում. Սեսկն իր գործառույթի շրջանակի ահռելի մասը հատկացրել էր խաղարկողի պարտականություններին:
«Ատլետիկոյի» մարտավարական պլանը լրջագույն ձևափոխությունների ենթարկվեց 30-րդ րոպեին թիմի առաջատար հարձակվող Դիեգո Կոստայի փոխարինման պատճառով: Մայրաքաղաքայինների ընտրած 4-4-2-ը վերածվեց 4-4-1-1-ի, սակայն դա ամենևին չընդգծեց Դավիդ Վիլյայի՝ մրցակցի տուգանային հրապարակ միտված լինելը: Դիեգոն փոխարինման մտնելուց անիմիջապես հետո տեղ զբաղեցրեց խաղարկողի դիրքում, սակայն ակնհայտ էր, խիստ պաշտպանական մարտավարություն ընտրելու պատճառով Դիեգո-Վիլյա խաղակցվածությունը նորաստեղծ, գրոհամետ բնույթի չէր: Մրցակցի խաղը «քանդող» նշանակալի գործողություններով և խաղադաշտի կենտրոնական և սեփական տուգանայինի գոտիներում կատարած ահռելածավալ աշխատանքով աչքի ընկավ մադրիդյան Կոկե-Գաբի-Թուրան եռյակը. այս խաղի Թուրանը գրոհներին մշտապես միացող Թուրանը չէր, այլ ավելի պաշտպանամետ և մրցակցի անընդհատ տեղաշարժումները հսկող:
56-րդ րոպեին հյուրերի գոլը կատալոնացիներին ստիպեց անցնել խոլակորույս գրոհների, որոնց հիմնամասը գրոհի միմիայն եզրափակիչ փուլում էր կասեցվում: Խաղավարտից 20 րոպե առաջ Դիեգո Սիմեոնեն փոխարինեց նշյալ խաղում իր թիմի միակ հարձակվողին և ակնհայտաբար ցույց տվեց, որ «խորը» պաշտպանության անցնելով՝ ձգտելու են պահպանել հաղթական հաշիվը. սակայն հաջորդ իսկ րոպեին «Բարսելոնան» հավասարացրեց հանդիպման հաշիվը: Պատասխան գնդակին հաջորդեց կատալոնացիների արագ և անընդմեջ գրոհները, որոնք բխում էին մադրիդցիների չկողմնորոշվածությունից. զգացվեց, որ այս գոլը չէր նախատեսել Սիմեոնեն և քայլեր չէր ձեռնարկել հակակշիռը գտնելու համար: Հանդիպման վերջնամասում նկատվեց, որ Տատա Մարտինոյի սաները մրցակցի տուգանայինների մատույցներում տեղակայումների խնդիր ունեին և խաղակցվածության բարդություններ էին առաջանում հենց կուտակումների պատճառով: Փոխարինման մտած Ալեքսիս Սանչեսն էլ անդադրում գրոհների թոհուբովում «կորցրել» էր դիրքը և Նեյմարի և Մեսիի՝ ավելի կենտրոն միտված լինելու պատճառով ստիպված էր լինում աջից գործել, սակայն այդ եզրից չիլիացու ճեղքումները չէին ստացվում: Դժվար է խոսել խաղավերջում մադրիդյան թիմի ֆուտբոլիստների դիրքափոխումների և տեղակայումների մասին, քանի որ թիմը գերակա խնդիր ուներ՝ պահպանել ոչ-ոքի արդյունքը:
Ինչ խոսք, պատասխան հանդիպումը կլինի մարտավարապես ավելի հագեցած, քանի որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները անառարկելիորեն պետք է գոլ խփեն, իսկ մայրաքաղաքայինները խնդիր կունենան ճկուն ձևաչափերով պաշտպանվել և որքան հնարավոր է ավելին քաղել հակագրոհային մարտավարությունից:



