1988 թվականի ապրիլի 25-ին Գյումրու թատրոնը Մոսկվայում, ՄԳԹ-ի շենքում, պիտի ներկայացներ Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը»՝ Խորեն Աբրահամյանի բեմադրությամբ և Կորրադոյի դերակատարմամբ:
Պիեսի ռուսերեն սինքրոն տեքստը ես էի պատրաստել, կարդալու էր Արմեն Ջիգարխանյանը...
Առավոտյան, ներկայացումից առաջ, Խորեն Աբրահամյանը որոշեց կատակել ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Աբելյանի-Աբելիկի հետ, որը ծնունդով Սալոնիկից էր և ոչ մի բառ ռուսերեն չգիտեր:
ՄԳԹ-ի ճեմասրահում կանգնած էինք Խորեն Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Սիմոնովը, Կիրիլ Լավրովը և ես: Խորիկը մոտ կանչեց Աբելիկին ու ասաց.
-Աբելիկ, Ջիգարխանյանն ասաց, որ Մութաֆյանը մոռացել ու ռուսերեն տեքստի մեջ Պալմիերիի տեքստը չի թարգմանել: Ստիպված ես ինքդ ռուսերեն խոսել:
Աբելիկը կաս-կարմիր կտրեց, զգացվեց, որ շունչը չի բավականացնում, սկսեց ամբողջ մարմնով դողալ, հետո հարձակվեց ինձ վրա...
Նրան մի կերպ հետ տարան, այլապես 1988-ի ապրիլի 25-ն իմ կյանքի վերջին օրը կլիներ...
Երեկոյան լեփ-լեցուն էր ՄԳԹ-ի դահլիճը: Եկել էին սովետական բեմի շատ ականավոր վարպետներ, պետական-քաղաքական գործիչներ:
Ահա եկավ Պալմիերիի մուտքը.... Աբելիկը կանգնեց բեմում ու չի կարողանում խոսել....Մոտ երկու րոպե դադար է բեմում...
Հասկանալով իրավիճակը, Խորեն Աբրահամյանը, որ նստած էր նրա դիմաց, առաջին աստիճանի վրա, հասկացրեց, որ խոսի հայերեն...
Աբելիկը կմկմաց, կմկմաց, վերջապես խոսեց....
Ներկայացման ավարտին ես փախա թատրոնից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել