1in.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահական ընտրություններին «Բատկիվշչինա» կուսակցության թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հաշվետվություն է ներկայացրել իր եկամուտների մասին: Երկրի ԿԸՀ-ի հրապարակման համաձայն՝ 2013-ին նախկին վարչապետը 180 հազար գրիվեն է աշխատել (16.3 հազար դոլար):
Համաձայն փաստաթղթի՝ բանտում յուրաքանչյուր ամիս Տիմոշենկոն, լինելով կուսակցության առաջնորդ, աշխատել է 15 հազար գրիվեն (1300 դոլար): Հայտարարագրված է նաև 59.4 քառակուսի մետր մակերեսով բնակարանը:
Նախկին վարչապետի ընտանիքի անդամների կարողության, բանկային հաշիվների, ավտոմեքենաների, այլ անշարժ գույքի կամ եկամուտների մասին այլ տեղեկություններ չկան: Այս մասին հայտնում է RBK-ն:
Ավելի վաղ ուկրաինական մամուլը հայտնել էր, որ քաղաքական ակտիվիստներն այցելել են Կիևի մոտ գտնվող էլիտար շրջանում Տիմոշենկոյի առանձնատուն: Հայտարարագրի լրացման ժամանակ նախկին վարչապետն ընդգծել է, որ Կոնչա-Զասպայում գտնվող տունը նա վարձակալում է արդեն 10 տարի:
Նախագահի պաշտոնում Տիմոշենկոյի նպատակներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է:



