«Ժամանակակից նկարիչները» շարքից այսօր կանդրադառնանք հայ տաղանդավոր նկարիչ Տիգրան Թադևոսյանին: Թադևոսյանը ծնվել է Վանաձորում՝ 1989թ.-ի փետրվարի 18-ին՝ արվեստագետի ընտանիքում: Նկարել սկսել է դեռ 3 տարեկանից: Սովորել է Ստեփան Աղաջանյանի անվան արվեստի դպրոցում: Նկարիչը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում մասնակցել է ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ցուցահանդեսների: Այժմ ապրում ու ստեղծագործում է հայրենի քաղաքում:
Թադևոսյանը կարծում է, որ նկարիչն ամենուր ու ամեն ինչում պետք է տեսնի գեղեցիկը` ավելացնելով, որ այդ կարողությունն է, որ յուրաքանչյուր նկարիչ օգտագործելով ստեղծում է իր աշխարհը: Նրան ոգեշնչում են երաժշտությունն ու մարդիկ, ում  նա հանդիպում է:
Նկարչությունը Թադևոսյանի համար ապրելակերպ է, նա սիրում է ստեղծագործել երեկոյան ժամերին, իսկ օրվա ընթացքում զբաղվում է  նաև սպորտով: 
Նա ունի իրեն հատուկ յուրահատուկ ձեռագիր ու տեխնիկա, որը մեծապես տարբերվում է նախորդ անգամ ներկայացված գեղանկարչի` Վիկտոր Շելեգի աշխատաքներից: Ինչևէ, նկարիչների ընդհանրությունը թերևս այն է, որ երկուսն էլ ստեղծագործում են իրենց զգացածն արտահայտելով:
Տիգրան Թադևոսյանի էքսպրեսիոնիստական յուրահատուկ ձեռագրով աշխատանքները դիտեք ստորև:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել