Աշխարհի տարբեր ժողովրդական հեքիաթներ երբեմն շատ հեռու են երեխաների համար նախատեսված բարի պատմություններ լինելուց ու բավականին տարօրինակ ու նույնիսկ երբեմն սարսափելի պատմություններ են պատմում:

 4  Սագապան աղջիկը

Գրիմ եղբայրների հեղինակած վաղ ժամանակվա ստեղծագործություններից մեկում պատմվում է, որ կար-չկար մի թագուհի կար, ով իր դստերն ամուսնացնելու համար նրան ուղարկում էր հարևան թագավորություն: Աղջկան ճանապարհելուց առաջ նա սեփական արյունով հմայիլ է պատրաստում ու այն կախում աղջկա շորից՝ նրան պաշտպանելու համար: Այնուհետև մայրը նրան ճանապարհ է դնում աղախնի ու խոսող ձիու` Ֆալադայի հետ: Կարճ ժամանակ անց արքայադուստրը ծարավում է ու աղախնին խնդրում է իրեն մոտակա գետից ջուր տալ: Սակայն, ի զարմանս նրա, աղախինը հրաժարվում է՝ ասելով. «Եթե ջուր ես ուզում, ինքդ վերցրու, ես քո աղախինը չեմ լինի»: Երբ արքայադուստրը  կռանում է գետից ջուր վերցնելու համար, նրա մոր պատրաստած հմայիլն ընկնում է նրա հագուստից ու ջուրը քշում-տանում է այն: Տեսնելով, որ արքայադուստրը կորցրեց իր պաշտպանությունը,  աղախինը ստիպում է նրան իրեն տալ հագուստն ու ձիերին ու ստիպում երդվել, որ երբևէ ոչ ոքի չի ասի իր իրական ինքնությունը: Եթե չկատարեր իր խոստումը, աղախինը նրան կսպաներ ու նրա մարմինը կթողներ անտառում:

Երբ նրանք ժամանում են հարևան թագավորություն, աղախինը ներկայանում է որպես արքայադուստր, ամուսնանում է թագավորի որդու հետ, իսկ իրական արքայադուստրը սագերին հոգ տանելու աշխատանք է ստանում:
Ցանկանալով մաքրել իր հանցանքի բոլոր հետքերը՝ աղախինը պատվիրում է սպանել Ֆալադային: Իրական արքայադուստրը կաշառում է մսագործին, որպեսզի վերջինս ձիու գլուխը կախի քաղաքի դարպասների մոտ, այնպես որ, նա ամեն օր կարողանա խոսել իր միակ ընկերոջ հետ:
Մի օր մի երիտասարդ փորձում է արքայադստեր գլխից ոսկեծամ պոկել, սակայն նա այնպես է անում, որ քամի է բարձրանում ու տղայի գլխարկը քշում:  Չարանալով՝ տղան թագավորի մոտ է գնում ու պատմում տարօրինակ աղջկա մասին, ով խոսում է ձիու գանգի հետ ու կառավարում եղանակը: Թագավորի հետաքրքրասիրությունը շարժվում է, ու նա խնդրում է աղջկան պատմել իր պատմությունը: Աղջիկը փորձում է բացատրել թագավորին, որ չի կարող պատմել: Սա ավելի է բորբոքում թագավորի հետաքրքրասիրությունը, ու նա առաջարկում է աղջկան իր պատմությունը պատմել ջեռոցին ու հանգստանալ, սակայն գաղտնի ականջ դնում այն ամենին, ինչ պատմում էր աղջիկը: Իրական պատմությունն իմանալով՝ թագավորն իր տղային ամուսնացնում է իրական արքայադստեր հետ: Իսկ խաբեբա ու չար աղախնին կապում տակառին ու գլորում քաղաքով մեկ, մինչև վերջինս մահանում է:

 3  Ոզնի Հանսը


Գրիմ եղբայրների հեքիաթներից մեկը պատմում է մի երիտասարդ տղամարդու մասին, ում ողջ գյուղը ծաղրում էր այն բանի համար, որ նրա կինը չէր կարողանում երեխաներ ունենալ: Հուսահատ տղամարդը աղոթում է Աստծուն ու ասում, որ այնքան շատ է երեխա ցանկանում, որ նույնիսկ համաձայն կլինի, եթե իր երեխան ոզնի լինի: Նրա ցանկությունն իրականանում է, և նրա կինը կիսաոզնի երեխա է ունենում, ում նրանք Հանս են անվանում:

Կիսաոզնի երեխայի ծնունդով սարսափած՝ ծնողները իրենց երեխային ութ տարի շարունակ պահում են վառարանի հետևում: Ի զարմանս նրանց՝  Հանսը չի մեռնում, ու փոխարենը իր հորը խնդրում է իրեն աքաղաք տալ, որպեսզի կարողանա դրա վրա հեծած անտառ գնա ու ապրել այնտեղ: Ոզնի երեխան ապրում ու խաղում էր անտառում:

Մի օր թագավորը մոլորվում է անտառում ու Հանսին խնդրում տուն տանող ճանապարհը ցույց տալ: Հանսը համաձայնում է, սակայն դրա փոխարեն խնդրում թագավորին խոստանալ ու խոստումը գրի առնել, որ իրեն կտա առաջին պատահածը, որը վերադարձի ճանապարհին կբարևի թագավորին: Սակայն թագավորը իմանալով, որ նա անգրագետ է, իրականում հրաման է գրում իր պահակախմբին՝ հարձակվել աքաղաղ վարող յուրաքանչյուր ոզնի տղայի վրա, որը կհայտնվի թագավորության տարածքում: 

Շատ ժամանակ չանցած՝ նա նորից նույն իրավիճակում է հայտնվում՝ այս անգամ մեկ այլ թագավորի հետ, ով որոշում է չխաբել ոզնի տղային ու տալ նրան այն, ինչ առաջինը կհանդիպի նրան, երբ վերադառնա տուն, ու այնպես է պատահում, որ դա հենց թագավորի դուստրն է լինում: Հանսը դրանից հետո առաջինն է թագավորություն մեկնում ու, շրջանցելով խաբեբա թագավորի պահակախմբին, հասնում է նրա դստերն ու ծակում իր փշերով: Դրանից հետո նա վերադառնում է երկրորդ թագավորություն ու ամուսնանում արքայադստեր հետ: Հարսանիքի օրը նա հանում է իր ոզնու մաշկն ու հրամայում այրել այն հսկայական կրակի մեջ ու դառնում է իսկական մարդ:

 2  Երեք տերևով օձը

Եվս մեկ հեքիաթ Գրիմ եղբայրներից: Մի հզոր թագավոր դուստր է ունենում, ով շատ գեղեցիկ, սակայն նաև շատ տարօրինակ է լինում: Չնայած շատերն էին ցանկանում ամուսնանալ նրա հետ, սակայն ինքը՝ աղջիկը, հրաժարվում էր ամուսնանալ նրա հետ, ով չէր համաձայնի կենդանի թաղվել իր հետ, եթե նա առաջինը մահանար՝ ասելով, որ եթե նա սիրում է ինձ ամբողջ սրտով՝ ի՞նչ արժեք կունենա կյանքը դրանից հետո:  

Այդ ընթացքում մի գյուղացի տղա թողնում է տունը, որպեսզի փող աշխատի՝ զինվոր դառնալով: Ճակատամարտի ժամանակ նրա զինակիցներից շատերը կոտորվում են, սակայն նա համախմբում է ողջ մնացածներին ու նրանց հաղթանակի տանում: Իր քաջության համար թագավորը նրան բազմաթիվ գանձեր է շնորհում ու ասպետ դարձնում: Թագավորի աղջկան տեսնելով դղյակում՝ տղան սիրահարվում է նրան ու համաձայնում ամուսնանալ նրա հետ՝ իր պայմաններով:

Նրանք միասին շատ տարիներ երջանիկ ապրեցին, մինչև որ արքայադուստրը հիվանդացավ ու մահացավ: Նրա սգացող ամուսինը սկսում է ելք մտածել իր խոստումից հետ կանգնելու համար: Սակայն թագավորի պահակախումբը նրան փակում է արքայադստեր գերեզմանում, որպեսզի այնտեղ մահանա:

Գերեզմանի մեջ թակարդված՝ նա օձ է տեսնում ու սպանում դրան՝ իր կնոջ մարմինը պաշտպանելու համար:  Մինչ նա որոշում էր ուտել օձին, երկրորդն է հայտնվում՝ բերանին երեք տերևով, ու այն դնում առաջին օձի վերքերին ու վերակենդանացնում նրան: Երկու օձերն էլ դրանից հետո անհետանում են, սակայն տերևները մնում են գետնին, ու տղան դրանք օգտագործում է արքայադստերը կենդանացնելու համար: Տղան ու կյանքի վերադարձած արքայադուստրը ազատվում են գերեզմանից ու, նավ բարձրանալով, վերադառնում դղյակ:
Սակայն տերևները փոխել էին արքայադստերը: Նա սիրահարվում է նավապետին, ու նրա հետ որոշում են տղային ծովը նետել, այնպես որ, դրանից հետո կարողանան ամուսնանալ: Սպասավորն այս ամենը տեսնելով՝ տղայի հետևից ջուրն է նետվում՝ նրան փրկելու համար: Ինչ-որ կերպ նրանց հաջողվում է ավելի շուտ հասնել դղյակ ու ամեն ինչ պատմել թագավորին: Երբ նրանք հասնում են թագավորություն, արքան իր դստերն ու նավապետին մահվան է դատապարտում՝ ամեն կողմից անցքեր բացված նավով նրանց ծով բաց թողնելով:

 1  Երգող ոսկորը 

Գրիմ եղբայրների պատմության մեջ հսկայական վարազը սարսափի մեջ էր պահում թագավորությունը, ուտում գյուղացիներին ու նրանց թաղված մարմինները: Հուսահատության մեջ հայտնված թագավորը հայտարարում է, որ կամուսնացնի իր աղջկան այն մեկի հետ, ով կսպանի գազանին:
Երկու եղբայր հանձն են առնում սպանելու գիշատիչին. նրանցից մեկը հպարտությունից դրդված, մյուսը՝ բարությունից: Կենդանուն գտնելու շանսերը մեծացնելու համար նրանք բաժանվում են ու հակառակ կողմից մտնում անտառ: Անտառում երիտասարդ եղբայրը հանդիպում է թզուկի, ով զգալով տղայի բարի սիրտը, նրան է տալիս հմայված նիզակ, որը կսպաներ վարազին: Տղան գտնում է վարազին ու, հարվածելով իր հմայված նիզակով, վարազի սիրտը բաժանում է երկու մասի: 

Դղյակ վերադառնալու ճանապարհին տղան եղբորը տեսնում է ջրավազանից ջուր խմելիս: Տեսնելով, որ եղբայրը կարողացել է սպանել վարազին, նրան առաջարկում է գինի խմել ու տոնել դա: Հարբեցնելով եղբորը՝ ավագ եղբայրը սպանում է նրան ու թաղում կամրջի տակ՝ մինչև վարազի գլխով դզյակ վերադառնալն ու թագավորի աղջկա ձեռքը խնդրելը: Նա բոլորին պատմում է, որ իր եղբորը կերել է վարազը:

Մարդասպանն ու իր արքայադուստր կինը երջանիկ ապրում են երկար տարիներ: Մի օր թափառող մի հովիվ ոսկորի մի կտոր է գտնում, որը նա որոշում է օգտագործել իր համար փող պատրաստելու համար: Սա հենց սպանված եղբոր ոսկորն էր և, երբ հովիվը փչում է այն, դրանից սպանության սարսափելի պատմության երգն է դուրս գալիս: Հովիվն իր նոր ու տարօրինակ գործիքը թագավորի մոտ է տանում, ով հրամայում է քանդել կամրջի տակի հողն ու գտնել երիտասարդ տղայի դիակը: Որպես պատիժ՝ չար եղբորը պարկի մեջ են դնում ու նետում ծովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել