ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ եթե ապրիլի 28-ին ԱԺ մեծամասնությունը մերժի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, ապա իրենք կդիմեն «բարիկադների և ցնցումների»:

Եթե սա հայտարարություն է հեղաշրջման փորձի մասին, ապա այն հնարավոր է գնահատել որպես պետական հանցագործություն:

Ստացվում է, որ 2012 թվականից ի վեր՝ կոալիացիայից դուրս գալուց հետո, ԲՀԿ-ում այսքան ժամանակ մտորել ու եկել են այն եզրահանգման, որ իշխանափոխության կարելի էր հասնել ոչ թե, ասենք, 2013 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելով, այլև ոչ սահմանադրական գործողություններ միջոցով:

Եթե ԲՀԿ-ն ընտրել է իշխանության հասնելու ուկրաինական սցենարը` անկախ այն հանգամանքից կհաջողվի՞ հասնել նրան իշխանության, թե ոչ, պետք է հաշվի առնել, որ այն ամեն դեպքում լուրջ հետևանքներ կունենա պետության համար:

Եթե ընտրվում է «մայդանի» սցենարը, ապա նշանակում է, որ ԲՀԿ-ն գիտակցում է բոլոր հնարավոր վտանգավոր սցենարները: Այո, հեղաշրջման միջոցով Ուկրաինայում հնարավոր եղավ հասնել իշխանությունից այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացմանը, սակայն դա տեղի ունեցավ մարդկային մեծ կորուստների, ցնցումների, պետական համակարգի քայքայման, տարածքային կորուստների, Սահմանադրության ոտնահարման միջոցով (կորուստների շարքը կարելի է շարունակել):

Ի դեպ, 90-ականների սկզբին, ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տանելու հարցում ցնցումների գործոնը ոչ պակաս կարևոր ազդեցություն ունեցավ: Չգերագնահատելով դրա ազդեցությունը, այնուամենայնիվ, պետք է նկատել, որ պատերազմին զուգահեռ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում լուրջ զարգացումներ էին ընթանում (իշխանության մրցավազք), ինչը ուղեկցվում էր լուրջ ցնցումներով, ինչը չէր կարելի ասել Հայաստանի համար:

Ճիշտ է` Ղարաբաղի գործոնը մեզանում հաճախ շահարկման է ենթարկվում, սակայն այս պարագայում ակնհայտ է, որ երկրում հնարավոր ցնցումները տարածքային կորուստների իրական սպառնալիք են ստեղծելու:

Եթե Հայաստանում կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում` իր բոլոր հնարավոր հետևանքներով, ապա մենք նվազագույնն ունենալու ենք այն, ինչ այսօր տեսնում ենք Ուկրաինայի դեպքում:

Եթե ԲՀԿ վերնախավը ցանկանում է վերագրել պատմությունը, ապա առաջ է գալիս այդ նախաձեռնության քաղաքական պատասխանատվության խնդիրը. պատասխանատո՞ւ է ԲՀԿ-ն իր քայլերի ու դրա բոլոր հետևանքների համար, դժվար է ասել:

ԲՀԿ-ն այս հայտարարությամբ ի ցույց դրեց այն, որ առաջնորդվում է բացառապես «նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով», որը դուրս է սահմանադրության հարթությունից ու հղի հետևանքներով, հույս ունեմ՝ առաջին հերթին հենց ԲՀԿ համար:

Ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ գործ ունենք «ձախողված պետություն» համարյա դասական մոդելի հետ, Հայաստանում, այնուամենայնիվ, պետությունը կայացած է:

Կից նյութը՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել