Armversion.am-ը գրում է.
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում Քեսաբից նոր ժամանած եղբայրներ Սերժ և Արամ Քալլուկյանները տեղեկացրեցին, որ սոցցանցերում տարածված տեսանյութերն ու լուսանկարները Քեսաբից չեն և դրանցում սպանված կամ բռնության ենթարկված անձիք քեսաբահայեր չեն:
Նրանց վերջին տեղեկությունները ստացվել են այսօր առավոտյան:
«Քեսաբում ոչ մի կապի միջոց չի աշխատում, ուստի իբր այնտեղից տեղադրված և տարածված բոլոր նյութերը չեն կարող համապատասխանել իրականությանը: Կխնդրեինք չտարածել այդ սուտ տեղեկությունները, որովհետև դրանք միայն վնասում են քեսաբահայերին: Քեսաբում երեխաներ չեն սպանվել և ոչ մի հայ զոհ, բարեբախտաբար, չի եղել»,-նշեց Սերժ Քալլուկյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք կան կորածներ, Արամ Քալլուկյանը հայտնեց, որ կորածների թիվը մոտ 30-40 հոգի է: Նրա խոսքով, անվանացուցակ է կազմված, սակայն ճշգրտված չէ:
Նշենք, որ երիտասարդների ծնողներն օրեր առաջ են տեղահանվել Քեսաբից՝ նրանց մորեղբայրների, մորաքրոջ և պապիկի հետ միասին:
«ՎԱՐԿԱԾ» ակումբում լրագրողներին տրամադրվեցին բացառիկ լուսանկարներ և տեսաձայնագրություն քեսաբյան իրական իրադարձություններից, որոնք արվել են վերջին օրերին: