1in.am-ը գրում է.
Մեզ մոտ 364 օր խաբելու օր է, 1 օր էլ՝ ծիծաղի: Մի քիչ շատ են մեզ խաբում տարբեր առիթներով, այսօր էլ երևի պետք է իսկապես ծիծաղել: Ապրիլի 1-ին ծիծաղի օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանը կատակով ասաց թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը՝ խոսքը համեմելով անեկդոտներով:
Ինչ վերաբերում է ապրիլի 1-ին մեզանում տարածված իրար խաբելու սովորույթին, ապա բեմադրիչը նշեց, որ խաբելն էլ երևի իր մեջ հումոր ունի, դրա համար մարդիկ իրար խաբում են: «Երևի խաբելը բարի հիմք ունի, ոչ թե չար, դրա համար են այսօր խաբում: Դե թող խաբեն, ինչ կա որ»,- կատակով ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ մատուցվող հումորի որակին, ապա նա նկատեց, որ հիմա հումորը դարձել է մակերեսային, կոպիտ ու գռեհիկ: Մեզ մոտ շատ է ճակատային հումորը: Դերասանները շատ են ուզում դուր գալ, ինչը նվաստացուցիչ է, դրա համար առաջ է գալիս բալագանային հումորը:
«Արվեստը, ինչպես նուրբ հումորը, ընտրյալ հասարակության համար է»,- նկատեց նա:
Բեմադրիչը արժանին մատուցեց գյումրեցիների հումորին՝ այն համարելով առանձնահատուկ:
«Երկրաշարժից 7-8 տարի հետո շատ ընկճված էին, հիմա վերականգնվում են: Շատ սրամիտ են, կարողանում են շատ պատկերային հումոր գտնել»,- նկատեց բանախոսը:
Ն. Ծատուրյանը մի ծիծաղաշարժ դեպք պատմեց, որը տեղի է ունեցել Ֆորշի հետ Գյումրիում համերգից հետո: Ֆորշը մտել է խանութ, ձեռքի ցելոֆանը չի կարողացել բացել, չարչարվել է: Խանութի աշխատողն ասել է. «Ապ ջան, ընբես իրար գուքաս, ըսես պարաշյուտդ չի բացվի»:
Մի ծիծաղաշարժ դեպք էլ պատմեց, որը տեղի է ունեցել «Բամբիռ» ռոք խմբի երաժիշտ Ջաքի հետ: Այս անգամ հումորով փայլել է նրա զոքանչը: Մի օր երաժիշտը գինովցած գնացել է տուն, կինն ասել է, որ պատին մեխ խփի: Մի կերպ չարչարվելով փորձել է մեխ խփել, այդ պահին նրան է մոտեցել զոքանչը ու հարցրել, թե ինչ է ուզում անել: Ջաքն ասել է՝ ուզում եմ մեխ խփեմ, կախվեմ, ձեզնից պրծնեմ: Զոքանչը նայել է նրան ու ասել՝ «իմաստալից է»:
Նիկոլայ Ծատուրյանը կատակով պատմեց, որ իրեն անընդհատ հարցնում են, թե ինչու է իր փորն այդքան մեծ, երբ ինքը գեր չէ: «Ես էլ ասում եմ, որ դա փոր չէ, այլ իմ չիրականացված բեմադրություններն են»:



