Մի աղքատ հնդիկ ընտանիք ֆինանսական օժանդակություն է խնդրել իրենց որդու կյանքը փրկելու համար: Վերջինս բնածին արատ ունի. նրա սիրտը մարմնից դուրս է: Օրեր առաջ 24-ամյա Փրիյաքա Փալին անհապաղ տեղափոխեցին Ուտար-
Սրտի էկտոպիան բնածին արատ է, որի դեպքում սիրտը կամ ամբողջովին, կամ մասնակիորեն կրծքավանդակից դուրս է գտնվում: Այս արատի դեպքում սիրտը կարող է մարմնի տարբեր մասերում լինել՝ վզի վրա, որովայնի ստորին հատվածում և այլն: Այնուամենայնիվ, դեպքերի մեծամասնությունում սիրտը դուրս է ցցված լինում կրծքավանդակից կիսված կրծոսկրի միջով: Թեպետ սրտի էկտոպիայի ստույգ պատճառը հայտնի չէ, ենթադրվում է, որ այն կապված է հղիության վաղ շրջանում երեխայի մկանների զարգացման դադարի հետ: Երբ երեխայի մկանների զարգացումը դադարում է, օրգանները դուրս են գալիս թերզարգացած մկանի ու ոսկորի միջով և շարունակում զարգանալ մաշկից դուրս:
Այս երեխան, որը դեռ անուն էլ չունի, միլիոնից մեկն է, քանի որ սրտի էկտոպիա արատով արդեն կյանքի 7-րդ օրն է ապրում: Նրան պետք է մասնավոր հիվանդանոցում վիրահատել. պետական հիվանդանոցներից ոչ մեկում չկան այս բարդագույն վիրահատության համար պահանջվող պայմանները:
Երեխայի ընտանիքը ծայրահեղ աղքատ է և գոյատևում է ընտանիքի հոր՝ Նիրբհայ Փալի աշխատավարձով, որը օրը 5 դոլար էլ չի կազմում: Նրանք չեն կարող ինքնուրույն հոգալ երեխայի վիրահատության ծախսերը: 30-ամյա պարոն Փալը, ով որմնադիր է, ասում է, որ Սուլթանփուր հիվանդանոցի անձնակազմը ասել է իրեն, որ իր որդին չի կարող երկար ապրել այդ արատով: Նրան անհրաժեշտ է բուժօգնություն ցուցաբերել ավելի զարգացած բուժհաստատությունում: Մի պահ դադար տալուց հետո երեխայի հայրը հավելել է. «Ախր ես աղքատ մարդ եմ: Մենք հազիվ մի փոր հաց ենք ուտում: Ես չգիտեմ՝ ինչ անել: Հուսով ենք, որ կառավարությունը կօգնի մեզ: Մենք այնքան անօգնական ենք մեզ զգում: Մենք չգիտենք՝ ուր գնալ»:
Երեխային տեղափոխել են Դեհրադուն քաղաքի հիվանդանոցներից մեկը: Դեռևս պարզ չէ, թե որքան կարժենա վիրահատությունը: Հավանական է, որ երեխան այնտեղից էլ այլ հիվանդանոց տեղափոխվի: Փալերն արդեն 4 տարի է ամուսնացած են: Այս երեխան նրանց առաջնեկն է, և նրանք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց բալիկին փրկելու համար:



