Ապրիլի 1-ը, իմ ընկալմամբ, այնուամենայնիվ, հումորի, ծիծաղի, կատակի տոն է, այլ ոչ թե խաբելու...
Մի երկու տարի առաջ գրածս «ֆելիետոններից մեկը ասի՝ դնեմ այստեղ, մեկ էլ տեսար՝ մի քանի մարդ կարդաց, ժպտաց: Իսկ դա ամենից կարևորն է: Եվ այսպես.
«ԸՌԵՄՈՆՏ»
Այ, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ է անում իսկական, զտարյուն, ավանդապահ, առողջ հայ տղամարդը պատգամավոր ընտրվելուց հետո:
Չէ, չէ, մի րոպե, մի րոպեեե, վայ… Հերթով ասեք, էլի: Համ էլ, ինչո՞ւ եք այդպես բռնկվում: Չեղավ, չէ՞, մի բուռ ազգ ենք, վերջիվերջո:
Լավ, հասկացա, շատ բան են անում, հասկացա:
Փորձեմ հարցս երկրորդ ընթերցմամբ հնչեցնել, զգուշացնելով ու խնդրելով, որ «Ախպերության հետ մի լավ քեֆ է անելու» տարբերակը պետք չէ նշել: Դա ընտրական գործընթացի բաղկացուցիչ տարր է. ի՜նչ դեպուտատ, առանց ախպերության, ու հետընտրական տաշ-տուշի, մի տեսակ նույնիսկ անհարմար է: Եվրախորհուրդ կա, բան կա:
Եվ այսպես. ի՞նչ է անում իսկական, զտարյուն, առողջ հայ տղամարդն առաջին հերթին, պատգամավոր ընտրվելուց հետո:
Ճի՛շտ է. իսկական, առողջ, զտարյուն հայ տղամարդը, պատգամավոր դառնալուց անմիջապես հետո, ամենից առաջ սկսում է վերանորոգել իր աշխատասենյակը: Ռեմոնտ է անում՝ այսինքն: Կապիտալ: Հիմնովին, այսինքն: Բա ո՜նց:
Ոմանք «ռեմոնտ» բառից, ինքնին, այնպես են ոգևորվում, որ ասում են, ինտերյերի հետ փոխում են նաև քարտուղարուհուն և ոչ միայն:
Ավելին, ոմանք այնպես են ոգևորվել, որ անգամ դուռ լուսամուտ են փոխում: Ըստ որում, որոշ երեսփոխաններ այնքան մեծ կարծիքի են իրենց մասին, որ կարծում են, թե ավելի հմուտ են ճարտարապետության մեջ, քան ասենք՝ այդ գեղեցիկ շենքի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը: Հա, հա, ասում են, նորընծա երեսփոխաններից մեկը որոշել է իր աշխատասենյակից պատուհան բացել դեպի Եվրոպա, այսինքն՝ մնացած աշխարհին նայող իր լուսամուտի ոճավորված շրջանակը փոխարինել «եվրոպատուհանով»: Սա էլ, երևի որպես յուրօրինակ տուրք՝ եվրոպական հոսանքներին:
Լսեք, իսկ միգուցե այդ ազգընտիր անձնավորությանն ինչ-որ մեկն ասի՞, որ եղած ոճավոր պատուհանն ավելի ճոխ է երևում: Հաստատ միտքը կփոխի:
Դե, իսկ մեկ այլ երեսփոխան էլ որոշել է, որ իր բազմաբեղուն և շռնդալից գործունեությանն իր աշխատասենյակը նեղ է գալիս, մասշտաբներով չի բռնում, հասկանո՞ւմ եք: Սա էլ միջնորմներն է քանդում, աշխատասենյակն ընդարձակում է, ծավալվում: Ռեմոնտ եմ ասել է, է՜…
Էսպես որ գնաց, մեկ-երկու տարի անց կտեսնենք, որ ազգիս երեսփոխաններն Ազգային ժողովի շենքի պատշգամբներն են «առաջ տալիս», շրջակա ծառուղիներում թափանցիկ բետոնից սրճարաններ են դնում և այսպես շարունակ: Պիտի՞, ի վերջո, շրջակա միջավայրը համապատասխանի այդ մարդկանց լայն մտահորիզոնին ու բարձր ճաշակին, թե՞ ոչ:
Լավ, է՞լ ինչ են անում իսկական, զտարյուն հայ մարդիկ, պատգամավոր ընտրվելուց հետո, այսպես ասենք՝ երկրորդ հերթին:
Ճի՛շտ է, գնում են … արձակուրդ: Հանգստանալու, այսինքն:
Հապա ինչպե՞ս: Չէ՞ որ մարդիկ անասելի հոգնեցին, երբ ընդունում էին կառավարության ծրագիրն ու Սևանի մակարդակն իջեցնելու օրենսդրական փոփոխությունը: Ինչպիսի՜ տիտանական չարչարանք: Իսկ առջևում դեռ բյուջեի նախագիծ կա, ոլորտային հատկացումներ որոշել կա, հազար ու մի ընկեր-բարեկամ-հարազատով հանդերձ: Ի՞նչ է, մեր ազգի ընտրյալները չհանգստանա՞ն…
Ճիշտ է, հանգստանում են նրանք հիմնականում մոտակա-հեռավոր արտասահմաններում, որովհետև Սևանի ջուրը քաշել են, ափերն էլ, հետը:
Այ, կկազվդուրվեն, կհանդարտեցնեն բորբոքված նյարդերն ու նոր եռանդով կգան ու կլծվեն ժողովրդի հոգսերին: Բա ո՜նց…
Ի դեպ, գիտե՞ք, թե ինչ է անում ճիշտ խորհրդարանը: Ճիշտ խորհրդարանը, սիրելիներս, բարեփոխում է համակարգը: Չէ, դուք ինձ սխալ հասկացաք, բարեփոխում է Ազգային ժողովի շենքի ջեռուցմա՛ն համակարգը: Հասկանո՞ւմ եք, ուշ աշնանն ու ձմռանը խորհրդարանի շենքի ջեռուցումը մի տեսակ այն չէ, ու դրա պատճառով դեպուտատների հանճարեղ օենսդրական մտահղացումները սառում-մնում են ուղեղից լեզվին անցնելու միջակայքում, ինչ-որ մի տեղ: Իսկ դա հարվածում է պետականությանն ու խորհրդարանի հեղինակությանը: Այնպես որ, պետք է փոխել ջեռուցման համակարգը: Անխոս:
Այ, կփոխեն, ու կանցնեն երկրի ու ժողովրդի հոգսերին, եթե, իհարկե, հանկարծ չպարզվի, որ ասենք, ԱԺ շենքի ճաշարանն էլ է վերանորոգման կարիք զգում և խոհանոցի օդափոխության համակարգն էլ այն չէ, կերակուրների բույրերը թափանցում են ճաշարանի պատերից դուրս և որկորային գայթակղություններով շեղում են մարդկանց մտքերի սլացիկ ընթացքը: Անթույլատրելի է:
Մի խոսքով, կվերանորոգեն, կփոխեն, կհանգստանան ու լավ կլինի:
Չէ՞ որ դրանք ամենից առաջնահերթ հարցերն են: Թող մտածեն այն երկրների խորհրդարանները, որտեղ տնտեսական ճգնաժամ կա, աշխատատեղերի կամ միգրացիայի խնդիր կա, որտեղ օրենքները բարելավելու հարց կա կամ կոռուպցիան հաղթահարելու անհրաժեշտություն: Այ, նման երկրների դեպուտատները թող մտածեն:
Իսկ մերոնց ի՞նչ է եղել, ո՜ր… տնտեսությունը կատաղի տեմպերով զարգանում է, գործարանների ծխնելույզները շիկացել են անդադար աշխատանքից, հայկական արտադրության «ԵրԱԶ»-ները որպես մարդասիրական օգնություն ուղարկվում են Չինաստան, դառնալով համաչինական երազանք, հայկական հագուստներն ուղղակի ծածկել են Արևմտյան Հայաստանի տարածքն ու հեղեղել նաև ըՍտամբուլի շուկաները:
Այնպես որ, մեր ազգընտիրները կարող են հանգստանալ, ռեմոնտներ անել:
Մի շեղեք մարդկանց այդ կարևոր գործերից: Թե՞, այնուամենայնիվ, շեղենք, ի՞նչ եք կարծում: Գուցե էս-էմ-է՞ս ուղարկենք, ու խորհուրդ տանք մեկ-մեկ ոտքո՞վ շրջել, թեկուզ Բաղրամյան պողոտայով: Կարճ ասած, գուցե երկնային բարձունքներից մի 5 րոպեով մեղավորներիս մո՞տ իջնեն:
Ասենք, նստեցնենք երթուղային միկրոավտոբուս, տանենք որևէ խցանված խաչմերուկ, որտեղ ասֆալտ են անում, ու մի ժամ թողնենք այնտեղ՝ մեքենաների մեջ խցանված: Դե այդ ժամանակ էլ թող քաղաքային իշխանությունը բացատրի պատգամավորներին, որ գիշերային ժամերին ասֆալտ փռելու համար հատուկ սարքավորումներ են պետք: Իսկ մենք այդ ընթացքում մի քիչ կհանգստանանք: Հա, ի դեպ, մեր ասֆալտիչներին ֆանտաստիկա թվացող գիշերային ասֆալտապատման համար մի այդպիսի հարմարանքի գոյության մասին կարող եմ հուշել. կարծեմ՝ լուսարձակ է կոչվում: Հա, էլի, պռաժեկտոր: Որ մի քանի հատ միացնում ես, ասում են, մութ տեղը լա՜վ էլ լույս է տալիս:
Արմեն Հակոբյան
2012թ.