Lurer.com-ը գրում է.

Սիրիական բանակը շարունակում է ռմբակոծել Քեսաբի մերձակա շրջանները և հարձակում իրականցնել Թել Այն Նասր շրջանի վրա: Ինչպես հաղորդում է լիբանանյան «ալ Մայադին» կայքը, Քեսաբում շրջափակված բնակիչների հետ կապն ընդհատվել է:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` բանակը մարտի 31-ին լիակատար վերահսկողություն էր հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող 45-րդ ռազմակետի վրա: Բանակը Նաբա ալ Մար ճանապարհին ոչնչացրել է զինյալներին պատկանող զենքերով լի 6 մեքենա:

«Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ զինված ընդդիմադիրները մարտի 31-ին ռմբակոծել են Ջաբալայի մոտ գտնվող «Համիմիմ» օդանավակայանը, որը կառավարական ուժերն օգտագործում են ռազմական նպատակներով: Աղբյուրի տեղեկացմամբ` օդանավակայանը փակվել է, բացի այդ, բանակը փակել է օդանավակայան տանող բոլոր ճանապարհները:

Զինված խմբավորումները մարտի 21-ին հարձակվել էին Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբի շրջանի վրա և հսկողություն հաստատել Քեսաբ գյուղաքաղաքի, Սամրա գյուղի, 45-րդ ռազմակետի և շրջակա տարածքների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել