Առավոտյան բարձր տրամադրությամբ արթնանում ես, մտնում ես համացանց՝ հետաքրքիր ու հումորային նյութեր կարդալու. դե այսօր ոչ բարով հումորի և ծիծաղի օրն է, ու... խոր հիասթափություն: Լրատվականներում տեղադրված մեկը մեկից տափակ անիմաստ ստեր, մեկը գրել է, որ Քիմ Քարդաշյանը մայիսին ամուսնանալու է Երևանում (երևի ամուսնացնող քահանան էլ Կճոյանը լինի): ՈՒ ներքևում բազմաթիվ կոմենտներ: Եվ միայն մի աղջիկ էր գլխի ընկել, որ սուտ է, ու գիտեք՝ ոնց: Գրել էր (դե, բնականաբանար, լատինատառ) «ժող ջան, չեք ջոկում՝ կատակ ա, Կիմս ոնց կարար մայիսին գար Հայաստան ամուսնանար. չէ որ մայիսը վայիս ա, ինքը հայ լինելով, դա պիտի իմանար»:
Ինչ-որ մեկը գրել էր Վանաձորում մի կին միանգամից 7 երեխա է ունեցել, ու նմանատիպ անմիտ ու տխմար ստեր: Լավ, եթե չեք կարողանում մի հումորային բան գրել, վերցրեք և զետեղեք սովորական անեկդոտներ, ուրիշ ոչինչ: Ցավալի է, բայց պիտի խոստովանեմ, որ մեզ մոտ հիմա ամենալավը ստացվում է ամեն ինչ արժեզրկելը, գրեթե ամեն ինչ՝ սկսած ցեղասպանություն բառից՝ վերջացրած հայրենասիրությունով ու Քեսաբի դեպքերով:



