Չկորչելու համար մեր դարը և մեր աշխարհագրական դիրքն ու ծանոթ դժբախտ պայմանները, որոնց մեջ ապրում է մեր ժողովուրդը, պահանջում են լինել ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ: 
Լինենք ուժեղ, ուժեղ ազգովին, ահա հրամայականը: 
Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիությունը ոչինչ դարձնի մեզ ծանոթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժվարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանության գործը: Թվական, էթնիկ, ընդհանրապես նյութական տեսակետից մեր ժողովուրդը, հասկանալի պատճառներով, երբեք չի կարող ուժեղ լինել իր հարևաններից: Սակայն ուժը միայն նյութական ազդակները չեն, այլ և մի ժողովրդի առաքինությունները:
Կա հոգեբանական գերդասությունը, կա բարոյական ուժը աշխարհի պես հին, բայց միշտ էլ թարմ ու հրաշագործ, որին տիրապետող ազգը քիչ անգամ է գլուխ ծռել իրենից նյութապես տասնապատիկ ուժեղ թշնամու առաջ:
Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում. նա է դեպի հաջողություն ու հաղթանակ առաջնորդում թվապես թույլերին` մեծամեծ հակառակորդների դեմ: Նա եղել է և այսօր է միակ ապավենը մեզ նման փոքր ժողովուրդների: ՈՒրեմն ճանաչենք նա որպես մի ընդհանուր Աստվածություն, լինենք ուժեղ -արևի տակ մեր տեղն ու գոյության իրավունքը պահելու համար:
... Գլխավոր դերը ժողովուրդների պատմության մեջ խաղում են ոչ արտաքին պայմանները, ոչ քաղաքական կողմնորոշումը, ոչ էլ դիպվածները, այլ` իրենց հոգեբանական նկարագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել