Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է. հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը:
Նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն:
Այն, ինչում Շանթը մեղադրվում էր նախկինում, կարելի է քաղաքական հոդված համարել։ Տեղին է հիշեցնել, որ «Մարտի մեկի» գործով ձերբակալվածների զգալի մասին առաջադրվել էր մեղադրանք հենց 316 հոդվածի հատկանիշներով։
Նոր մեղադրանքով Շանթի արարքը կենցաղայնացնում են, տպավորություն են ստեղծում, թե իբր գործ ունենք ապաքաղաքական շարքային հանցագործի հետ։
Ինչքան էլ անհամաձայն լինեմ Շանթի գործելաոճի հետ, հստակ է, որ նա ուներ կոնկրետ քաղաքական ասելիք։ Եթե կարճ ձևակերպենք՝ Շանթն ընդդիմանում էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
Ըստ ամենայնի՝ իշխանությունը մեղադրանքը փոխելով՝ երկու խնդիր է ուզում լուծել. Արևմուտքին ցույց տալ, որ Հայաստանում չկան քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներ, Ռուսաստանին քծնել, թե Հայաստանում բոլորը մոլի ռուսամետներ են։
Այս ամենը կարճ քարոզչական էֆեկտ է տալու, որովհետև «խուլիգան» Շանթը դատարանում խոսելու է ու հազիվ թե իր ու միլիցեքի ծեծկռտուքի մասին։



