«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի մեջ փոփոխություն մտցնող օրինագծով, որը վաղը պետք է քննարկվի Հայաստանի կառավարության կողմից: Դրանով նախատեսված է պատասխանատվության ենթարկել մեդիայի ներկայացուցիչներին վիրավորանք պարունակող գրառումների համար, որոնք կհայտնվեն նրանց վեբկայքերում՝ մեկնաբանությունների տեսքով և անարգական բնույթի բովանդակության համար, որը նրանք ինտերնետային այլ աղբյուրներից կզետեղեն իրենց կայքերում:
Այն խորհրդարանականները, ովքեր այդ փոփոխությունների նախնական տարբերակի հեղինակն են, ասում են, որ իրենց նպատակն է կանխարգելել անարգական կամ վիրավորական մեկնաբանությունների տարածումը ինտերնետում: Անանուն մնալու հնարավորությունը խթանում է այդպիսի մեկնաբանությունների տարածումը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիխրն ասել է. «Թեպետ խորհրդարանականների հետապնդած նպատակը դրվատանքի է արժանի, այս օրինագիծը լուրջ վտանգ է սպառնում Հայաստանում առցանց տեղեկատվության ազատությանը: Օրինագծի անորոշ ձևակերպումները չափից շատ ազատություն կարող են տալ այն դատավորներին, ովքեր կզբաղվեն այդպիսի գործերի քննությամբ: Սակայն խնդիրը չի սահմանափակվում ձևակերպումների անորոշությամբ: Կայքի խմբագրությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել այնպիսի բովանդակության համար, որն ինքը չի ստեղծել: Առցանց անանունությունը ինտերնետի՝ իբրև բանավեճի և ազատորեն ծանուցվող տեղեկատվության հարթակի հիմնարար սկզբունքներից է»:
Բիխրը հավելել է. «Մենք կոչ ենք անում խորհրդարանականներին կասեցնել այս օրինագիծը և նպաստել ինքնականոնավորմանը»:

Այս օրինագծի հեղինակներն ասում են, որ իրենք պարզապես ցանկանում են վերջ դնել անանուն հայհոյական մեկնաբանությունների տարածմանը, որոնք տեղ են գտնում մեդիայում կամ հայտնվում ինտերնետային կայքերի մեկնաբանությունների բաժնում: Այնուամենայնիվ, քանի որ օրինագծի ձևակերպումներն անորոշ են, «մեդիա» եզրույթը կարող է վերաբերել ինտերնետային նյութերի բոլոր տեսակի հրապարակումներին, այդ թվում՝ բլոգներին և սոցիալական ցանցերին: Դեռ ավելին, առաջարկված փոփոխություններում չի տրվում «անանուն օգտատեր» եզրույթի սահմանումը: Ըստ օրինագծի՝ հենց անանուն օգտատերերի մեկնաբանությունների մեջբերման պատճառով էլ այս կամ այն կայքի ղեկավարությունը պատասխանատվության պետք է ենթարկվի: Կեղծանունների կիրառումը չափազանց լայնատարած է և չի տեղավորվում որոշակի սահմանների մեջ:
Ի վերջո, եթե կայքերի տերերը չեն ցանկանում պատասխանատվության ենթարկվել իրենց կայքերում տեղ գտած մեկնաբանությունների համար, նրանցից պահանջվում է պարզել դրանց հեղինակների ինքնությունը: Այս պահանջը թե՛ անիրագործելի է, թե՛ ապօրինի:
Այս օրինագծի հետևանքով քաղաքացիական հասարակության շրջանում դժգոհության ալիք է բարձրացել: Լրագրողների 9 ասոցիացիա և մեդիա ազատության խմբեր մարտի 14-ին պաշտոնապես հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ պահանջելով կասեցնել օրինագիծը: Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ օրինագիծն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան լուծում առկա խնդիրները: Առկա խնդիրների մեծ մասը կարող է լուծվել արդեն իսկ գոյություն ունեցող օրենսդրության շրջանակներում, Վճռաբեկ դատարանի և սոցիալական ցանցերում հասանելի մեխանիզմների շնորհիվ, որոնք թույլ են տալիս գանգատվել ոչ պատշաճ բովանդակությամբ մեկնաբանություններից:
Երբ օրինագծի հեղինակները մարտի 17-ին հանդիպեցին օրինագծի դեմ պայքարող խմբերի ներկայացուցիչների հետ, նրանք ասացին, որ պատրաստակամ են փոփոխությունների ենթարկել օրինագիծը, եթե կառավարությունը վիճարկի այն, սակայն հրաժարվեցին օրինագծի կասեցումից: 2011 թ.-ի մայիսին ինտերնետի մասին արված զեկույցի մեջ ՄԱԿ-ի՝ խոսքի ազատության հատուկ թղթակից Ֆրենկ լա Ռուեն արտահայտել է հետևյալ տեսակետը. «Ոչ ոք չպետք է պատասխանատվության ենթարկվի ինտերնետում հայտնված այնպիսի տեղեկատվության համար, որի հեղինակը ինքը չէ: Կայքերի ղեկավարներին պատասխանատվության ենթարկելը կհանգեցնի այն վտանգին, երբ վերջիններս պաշտպանվելու նպատակով կսկսեն կամայականորեն գրաքննության ենթարկել մեկնաբանությունները և գրառումները»:
180 երկրների մեջ Հայաստանը 78-րդ տեղն է զբաղեցրել 2014 թ.-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած մամուլի ազատության ինդեքսում: Այս օրինագծի ընդունումը բացասաբար կազդի այս ցուցանիշի վրա:



