Lurer.com-ը գրում է.

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Բելգիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Ազնավուրի ֆեսյբուքյան պաշտոնական էջը` համերգը տեղի կունենա նոյեմբերի 22 -ին` Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Lotto Arena» սրահում: Համերգի տոմսերն արդեն վաճառվում են:

Լեգենդար երգչի վերջին համերգը տեղի է ունեցել մարտի 15-ին` Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում: Ազնավուրը համերգից առաջ մասնակցել էր Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի ընթրիքին, որտեղ հրավիրված էին նաև որոշ իսրայելցի երաժիշտներ: Իր կատարումներով Ազնավուրը ևս մեկ անգամ հիացրել էր տեղի ունկնդրին:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել