Lragir.am-ը գրում է.
Ղրիմի շուրջ միջազգային որոշումների հետ կապված օրակարգ է մտնում բազմազան և ստոր կեղծիքների մի ահռելի նոր չափաքանակ, որում հայկական վնասները նոր գենոցիդի մաշտաբների կարող են լինել:

 Անտեսելով տարրական աշխարհքաղաքական, փիլիսոփայական ու մարդկային տրամաբանությունները, աշխարհակալ ուժերն իրար են խառնել ամենատարբեր  հարցերը՝ փորձելով ձևակերպել նոր, կեղծ գեոքաղաքական բևեռ ի դեմս Ռուսաստանի:

 Սա շատ ավելի լուրջ խաղ է, քան կարծում են նախաձեռնողները, առավել ևս խնդրից հեռու կանգնածները:

 1. Որպես Ռուսաստանին մեկուսացնելու և անկյուն մղելու պատրվակ վերցված է Ղրիմի հարցը: Սևը սպիտակի տեղ մատուցելով փորձ է արվում  միջազգային նոր քավության նոխազ կերտել Ռուսաստանից:

 Նախորդ հոդվածով ես փորձել էի մեկնաբանել այս քայլի ներքին տրամաբանությունը: 

 Հիմա էլ, ՄԱԿ-ում հարցի քվեարկության հետ կապված, որակական նոր վիճակ է ստեղծվել՝ «Ով ում հետ է» խնդիրն է ձևակերպվում: Եվ փաստացի արդեն ոչ միայն  Ռուսաստանի հարցն է օրակարգում, այլ սխեմացվում ու գլոբալացվում է Արևմուտքի ու Ռուսաստանի կողմնակիցների՝ իբր հակադիր բանակների գոյության հարցը:

 Մինչ այս քվեարկությունն իհարկե անլուրջ էր թվում Ռուսաստանին որպես նոր ռազմաքաղաքական բևեռ տեսնելու գաղափարը: Բայց ռուսամետ արբանյակների հետ միասին Ռուսաստանին որպես նոր բևեռ ներկայացնելն արդեն շատ էլ «հավաստի» ներկայացուցչական տեսք է ստանում: Իրոք որ, ըստ քվեարկության արդյունքների ու տարածվող քարոզի, Ռուսաստանը գլխավոր «բոբոն» է, ու իր շուրջն էլ հավաքել է մանր «բոբոների», որոնք իբր սպառնում են արևմտյան կենսակերպին ու աշխարհին:

 Հարցը՝ թե որ բոբոն ինչու է բոբո, ոչ մեկին չի հետաքրքրում:

 2. Իրականում պատկերն այլ է: Իր թույլիկ արբանյակներով որպես աշխարհքաղաքական կեղծ բեւեեռ ձևակերպված ու անկյուն քշված միջուկային Ռուսաստանը խաղալիք չէ: Եվ Արևմուտքի հոխորտանք էլ, թե ունակ է Ռուսաստանին հենց տեղում ռազմականորեն ոչնչացնելու, վատ քողարկված ցնորություն է:

 Ցանկացած պատերազմում կան անսպասելի, անկանխատեսելի ասիմետրիկ հարվածի հնարավորություններ, որոնց մերժումը կարճամտություն է:

 Նախորդ տարիների արևմտյան անհավասարակշիռ ագրեսիանները ծնեցին արաբական ինքազոհ ահաբեկիչին: Ոչ մի երաշխիք չկա, որ նեղն ընկած միջուկային երկիրն էլ չի գնա նման քայլերի: Կա մի սահման, որից այն կողմ  ազգային արժանապատվության ոտնահարումն անկանխատեսելի գլոբալ հետևանքների կարող է բերել:

 3. Վերջին 60 տարիների ամերիկյան արկածախնդրություններն  աշխարհի ամենատարբեր ծայրերում, աշխարհով մեկ սփռված անթիվ ռազմակայաններն ու հրեական լոբբիի թելադրանքով կազմակերպվող հիստերիկ պատերազմները տարբեր պետությունների և ազգերի հանդեպ արդեն անցնում են թույլատրելիի բոլոր սահմաննները: Չի կարող լինել մի ճշմարտություն մեկի համար և հակառակ ճշմարտությունը բոլոր մնացածի համար:

 Եթե նախկինում դա քողարկելի էր, ապա ներկայում, ինտերնետի դարում, այս աչքակապությունն այլևս ծիծաղելի է: Ամեն ազգ ու պետություն իր ուզածով ապրելու իրավունքն ունի: Կողքինների դուրը դա կարող է գալ կամ չգալ, բայց ոչ ոք իրավունք չունի միջամտելու պատերազմով ու միջազգային հիստերիայով: 

 Ամերիկացիները Կուբայից խլված Գուանտանամոյում առանց դատ-դատաստանի պահում են հարյուրավոր գերիների և դրա հետ մեկտեղ ամեն առիթով հոխորտում են մյուսների վրա: Եթե համաշխարհային հանրությունն այդքան սկզբունքային է, թող մի անգամ էլ այդ հարցը, կամ էլ հավաբների վերածված Պաղեստինի հարցը դնի քվեարկության:

 Չի կարելի նման մասսայականությամբ աշխարհով մեկ, երկրիներով, իշխանություններով, երևելիներով ու շարքայիններով Հռոմի պապից ավելի կաթոլիկ խաղալ:

 4. Նախորդ տարիներին տարբեր երկրների հետ կատարված փորձությունների արդյունքները հուշում են, որ ցանկացած ներքին քաղաքական-քաղաքացիական հակամարտություն ակնթարթորեն սկսում է վերահսկվել գերուժերի կողմից, փոխում իր նախնական իմաստը, նպատակը, և դառնում թե այդ երկիրը կործանելու և թե մի թույլիկ հարևանի վրա հարձակվելու  պատրվակ:

 Սեպտեմբերի 11-ի ողբերգությունը օգտագործվեց դրա հետ որևէ կապ չունեցող Իրաքի ու Աֆղանստանի վրա հարձակվելու համար: Արաբական գարուններն օգտագործվեցին տեղական իշխանությունները տապալելու և երկրները կազմաքանդելու համար: Հիմա էլ Սիրիայի կործանման գործընթացն է ուժի մեջ:

 Այս ամենը կարող էր օրինաչափ թվալ, բայց այդ դեպքում ինչպես բացատրել բռնապետական ու կրոնական ծայրահեղական  Սաուդյան Արաբիայի անդորրը, որի 15 քաղաքացիաները հենց ահաբիչներն էին, և որը Արևմուտքի ընկերն է և աշխարհի համար մեկ սպառազինվողը:

 

Եթե միջազգային հանրությունն այդքան սկզբունքային է, թող մի քվերակություն-որոշում էլ դրանց դեմ կայացներ: Բայց չկա նման բան՝ կրկնակի, եռակի ու հարյուրապատիկ ստանդարտները հենց դրա համար են, որ գերուժերն ամեն մեկին իրենց ուզած մեղադրանքներով շղթայակապեն:

 Մենք, հայերս իհարկե անտեսանելի փոքր ենք նման հարցերին միջամտելու համար, բայց ոնց նայում եմ, հաջորդ մեծ պատերազմը հենց մեր մարմնի վրայով է անցնելու:

 Եվրոպացիներն այնքան խելք ունեն, որ Ռուսաստանի վրա հարձակումն իրենց ուղղությամբ արգելեն: Արևելքում Չինաստանն է, որին հնարավոր չէ թելադրել: Եվ Չինաստանը կանի այն, ինչն իրեն է ձեռնտու՝ ըստ որում առանց ռազմական միջամտության:

Հետևաբար որպես Ռուսաստանի միակ խոցելի ուղղություն մնում է հարավը, մասնավորապես Հայաստանը, որին առաջինը պետք կլինի մեկուսացնել, որպես ռուսական խամաճիկի: Այսինքն մենք խոսում, քննարկում ու հիստերիա ենք ձևակերպում Ուկրաինայի ու Ղրիմի հետ կապված, բայց հենց մենք ենք վճարելու այդ ամենի համար:

 Որն է մեր անելիքը: 

 - Իշխանությունները չեն արձագանքելու խնդրին, որովհետև նրանք դա չեն էլ գիտակցում: Կամ եթե գիտակցում են, թքած ունեն հայի, Հայաստանի ու ապագայի վրա: Իրենք սուբյեկտային էլ չեն՝ ինչ իրենց թելադրեց ռուսական տասնորդական չինովնիկը, գլխապատառ դա էլ կանեն:

 Բացի այդ էլ, մտովի պատկերացնենք մեզ հայտնի իշխանական դիմաշարքը: Արդյոք դրանցից որևէ մեկից սպասելի է ազգային ու մարդկային տարրականի պաշտպանություն: Այդ մասով սպասելիքները մենք պետք է ազնվորեն գիտակցենք և մի կողմ դնենք:

 - Հետևաբար մնում է միայն քաղաքացիական-ազգային ակտիվիզմով ինչ որ քայլեր ձեռնարկելը: Սակայն այս դեպքում էլ հարցն այն է, որ մենք չունենք  առաջընթաց քայլերով գնալու, նախաձեռնող լինելու մշակույթը: Մենք միայն ու միայն հետևանքներին արձագանքելու ենք ընդունակ եղել, ռեակտիվ բողոքելուն, որը ևս ոնց որ թե կորցրել ենք վերջին տարիներին:

 Իմ կարծիքով, մենք պետք է սկսենք համազգային շարժում, ակտիվություն, ստորագրահավաք՝ ուղղված աշխարհի բոլոր պետություններին ու համայն մարդկությանը, մի քանի սկզբունքային առաջարկներով:

 Ա. Ազգերի ինքնորոշում-սահմանների անձեռնմխելիության հակասության վերաբերյալ: Պետք է առաջարկվի, որ հետսովետական տարածքում առկա  ազգամիջյան հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես համաձայն ինքնորոշման իրավունքի:

 Ներկայում վիճելի, բայց սովետ միության կազմում ձևավորված բոլոր սահմանները ձևակերպվել են կամայականորեն, որևէ լիդերի քմհաճույքով: Հետևաբար, նման թղթային սահմանները որևէ իրավական ուժ չունեն և ենթակա են վերանայման ըստ ինքնորոշման սկզբունքի:

 Բ. Հետսովետական հանրապետությունների կազմերում հայտնված ազգային ինքնավարությունները պետք է ազատ լինեն ընտրելու իրենց պետական ստատուսը՝ սկսած Չեչնյայից, վերջացրած Աբխազիայով ու Ղարաբաղով: 

 Չեչնիան չեչենական հող է, և ռուսներն իրավունքներ չունեն այդ հողի հանդեպ: Նմանապես Ղարաբաղը հայկական հող է, և ադրբեջանցիք իրավունքներ չունեն դրա վրա:

 Ըստ որում, իր կազմից դուրս հանելու իրավունք էլ պետք է վերապահվի  հանրապետությանը: Օրինակ, ռուսները կարող են իրենց հայեցողությամբ դուրս հանել իրենց կազմից չեչեններին, եթե հարմար գտնեն:

 Գ. Տարածքային հարցերում անպայմանորեն, որպես առաջնահերթ, պետք է հաշվի առնվեն պատմական եղելությունները: Այս առումով օրինակ Ղրիմը ռուսական հող է, որը նվաճվել է  ռուսական արյամբ, և Ուկրաինան որևէ իրավունք չունի այդ տարածքի հանդեպ:

 Դ. Հակամարտող կողմերի միջև ընթացած պատերազմի հետևանքներն ու դրանից բխող իրավունքները պետք է ընդունվեն միջազգային հանրության կողմից:

 Ե. Ղարաբաղի մասով առկա է թե թղթային անիրավության հարցը և թե պատերազմի արդյունքը, և միջազգային հանրությունը պետք է ընդունի եղած իրավիճակը:

 Մենք ինքներս պետք է առաջարկենք լուծումները Ղարաբաղի մասով, թե  միացյալ թուրքերին և թե աշխարհին:

 Հոխորտալու ժամանակներն անցել են: Երբ սեպտեմբերի 3-ին ընդամենը մեկ  մարդն իր ստորագրությամբ զիջեց հայ պետականությունը Պուտինին, ոչ մի հայ երևելի ձայն չհանեց: Վաղն էլ հենց այդ մեկը կամ մեկ ուրիշը կարող է զիջել ամբողջ երկիրը թուրքին ու էլի ձայն չի լսվի, ինչպես հիմա Քեսաբի հարցով է լռություն:

 Բայց և բավական է, որ մեկը խոսի տարածքային ողջախոհ զիջումների մասին, ապա գերհայրենասերներն ու գերժողովրդավարներն իսկույն նրան կծվատեն:

 Ինչևէ, իմ սույն առաջարկը առաջընթաց լուծում-բանալի է ներկայում միջազգային հարաբերություններում անհաղթահարելի դարձած բազմաթիվ կոնֆլիկտների հաղթահարման համար, ինչպես նաև մեր հետագա ռազմաբեմ դառնալուց խուսափելու համար:

 Համացանցի շնորհիվ հումանիստական աշխարհն արդեն վաղուց գլոբալ է իր ռացիոնալով ու արժեքայինով, բայց և այն վերահսկվող է գերուժերի քարոզով ու փոքրամասնության տգետ մոլեռանդությամբ:

 Մեր՝ շարքային հայերիս ու մարդկանց խնդիրն է մեր դեմ հյուսվող դավերը հասկանալը և դրանց դեմն առնելը:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել