1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը շնորհակալություն է հայտնել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշեկոյին՝ Բելարուսի տարածքից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիա թույլ չտալու համար: 

«Մեզ համար շատ կարևոր է Բելառուսի նախագահի, հենց Բելառուսի դիրքորոշումն այն մասին, որ Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ երբեք ագրեսիա չի լինի, այդ թվում նաև երրորդ երկրի կողմից»,- նրա խոսքերն է մեջբերում Interfax-ը:
Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքերով՝ նրա երկիրը կայունացման ճանապարհին է և վերականգնում է քայքայված տնտեսությունը, որը ժառանգություն է ստացել նախկին իշխանություններից: 

«Մենք մեր հայրենիքում՝ Ուկրաինայում, այնպիսի իրավիճակ կապահովենք, որ անկախ նրանից, թե մարդը որտեղ է ապրում՝ հյուսիսում, թե հարավում, արևելքում, թե արևմուտքում, նա միշտ պաշտպանված լինի պետության կողմից»,- հավատացրել է Տուրչինովը:

Դրանից բացի, նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ կարևոր է, որպեզի բելառուսական և ուկրաինական ժողովուրդների միջև հարաբերություններն ամրապնդվեն, որի կապակցությամբ առաջարկել է գոյություն ունեցող խնդիրները հարթելու նպատակով «ճանապարհային քարտեզ» մշակել, գրում է gazeta.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել