1in.am-ը գրում է.
Թուրքական տանկերն ու հրետանին կրակային աջակցություն են ցուցաբերում Լաթաքիայի հյուսիսում սիրիական բանակի դիրքերի վրա «Ջեբհաթ ալ-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումների զինյալների գրոհին՝ ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Թուրքական հրետանին ու տանկերը ակտիվորեն ծածկում են սիրիական բանակի դիրքերի վրա ահաբեկչական խմբավորումների գրոհը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ զինյալներին կրակային աջակցություն է ցուցաբերել նաև թուրքական ռազմական նավը, որը Միջերկրական ծովի «մերձափնյա տարածքում կրակ է բացել սիրիական սահմանային շրջանի վրա»:
Ջաֆարին ասել է, որ «Թուրքիան ահաբեկչական խմբավորումներին օգնել է Քեսաբի վրա հարձակվելիս», որը բնակեցված է հիմնականում հայերով: Նա նշել է, որ այդ քաղաքում «ոչ մի ռազմական բազա չկա», միայն խաղաղ բնակիչներ են՝ «հայեր, որոնք փախել են՝ Օսմանյան կայսրության ժամանակ փրկվելով Ցեղասպանությունից: Նրանք հայերին միևնույն տեղում սպանել են երեք անգամ՝ 1909-ին, 1913-ին, հիմա էլ՝ 2014-ին»,- հայտարարել է դիվանագետը:
Նա լրագրողներին հիշեցրել է վերջերս համացանցում հրապարակված՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի, ազգային անվտանգության ղեկավարի և երկրի ռազմական շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ գաղտնի հանդիպման ձայնագրության մասին: Զրուցակիցները քննարկել են զինյալների ձեռքով Սիրիայի տարածքում սադրանքի կազմակերպման հնարավորությունը, որպեսզի արդարացնեն Սիրիա ռազմական ներխուժման անհրաժեշտությունը:
«Քեսաբում մեր դեմ ագրեսիան կապված է այդ ծրագրի հետ, որը կազմվել է թուրքական և համաշխարհային ԶԼՄ-ների բացահայտած գաղտնի հանդիպման ժամանակ»,- ասել է Ջաֆարին: Նրա խոսքով՝ Անկարան նաև մասնակից է այս շաբաթ Լաթաքիայում քիմիական զենքի կոնտեյներների վրա զինյալների գրոհին:
Ջաֆարին զգուշացրել է, որ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Դա ՄԱԿ-ի կանոնադրության, բարիդրացիական հարաբերությունների, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Որևէ մեկը պետք է Թուրքիայի կառավարությանը պատասխանատվության ենթարկի»,- ասել է Ջաֆարին:



