Պատմականորեն այնպես է դասավորվել, որ աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների նկատմամբ Շվեյցարիան ունեցել է չեզոք դիրք, ուստի նա կարողացել է պահպանել և զարգացնել իր տնտեսությունը: Այսօր Շվեյցարիան հանդիսանում է աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկը, որի դրամական միավորը շվեյցարական ֆրանկն է: Հենց այս միավորի կայունությունն էլ հանդիսանում է Շվեյցարիայի տնտեսության զարգացման հիմքը, որն էլ ազդում է նաև բանկային գործունեության վրա:
Եվրոպայում առաջին բանկը եղել է Վենեցիական բանկը, որը բացվել է 1584 թվականին, իսկ հետո 1609-ին Ամստերդամի բանկը, 1694-ին Անգլիայի բանկը և այլն: Առաջին շվեյցարական բանկը Banque Cantonale Vaudoise-ն է, որը հիմնադրվել է 1845 թվականին: Այս բանկը այսօր էլ համարվում է 5 ամենահայտնի բանկերից մեկը Շվեյցարիայում: UBS-ը կամ «Union Bank of Switzerland»-ը ամենամեծ Շվեյցարական բանկն է, որն իր գործունեությունն է ծավալում ողջ աշխարհով մեկ:
Իսկ ինչու՞ շվեյցարական բանկերը չեն սնանկանում: Պատճառն այն է, որ շվեյցարական բանկերը չեն իրականացնում ավանդական բանկային ծառայություններ` չեն ներգրավում ավանդներ և այդ միջոցները վարկերի տեսքով չեն տրամադրում սպառողներին, քանի որ նրանք այլ ֆունկցիա են կատարում: Հենց այստեղ էլ կայանում է նրանց հաջողության գաղտնիքը: Որպես կանոն` շվեյցարական բանկերն իրականացնում են դեպոզիտային քաղաքականություն: Նրանք ներգրավում են հսկայական միջոցներ, բայց չեն խոստանում բարձր տոկոսադրույք այդ միջոցների նկատմամբ: Իսկ այս գումարները կարող են ուղղվել ոչ ռիսկային նախագծերի վրա, որից շատ քիչ տոկոսներ է վերցնում բանկը` ընդհանուր գումարի 0,5-0,75% , այսինքն բացառվում է, որևէ անհատի վարկ տրամադրելը, ինչն իսկապես մեծ ռիսկ է պարունակում: Որպես կանոն այդ նախագծերը շատ հաճախ ապահովագրված են լինում նաև պետությունների կողմից, որն իսկապես նվազեցնում է ռիսկը: Այս տոկոսադրույքն այդքան էլ մեծ չէ, սակայն, եթե հաշվի առնենք, որ շվեյցարական բանկերում շրջանառվում է ավելի քան 2 տրլն դոլար, ապա զգալի թիվ է կանգնում:
Իսկ որո՞ նք են պատճառները, որ մարդիկ գերադասում են ցածր տոկոսադրույքով ավանդ ներդնել շվեյցարական բանկերում:
1. Պետք է նախապես խոստովանել, որ շվեյցարական բանկը ոչ թե եկամտի աղբյուր է, այլ պարզապես հուսալիության: Եթե մարդիկ ցանկանում են եկամուտ ստանալ ավանդների տոկոսադրույքից, ապա ավելի նպատակահարմար է գումարը ներդնել տեղական բանկերից որևէ մեկում: Այսինքն շվեյցարական բանկում կարելի է ներդնել միայն այն դեպքում, երբ գումարները հսկայական են և ցանկություն չկա ռիսկի գնալու, որ այն կարող է կորչել:
2. Հարկերի բացակայություն: Շվեյցարական բանկային համակարգը հարկերից ազատված է, ուստի դա թույլ է տալիս նրանց կուտակել հսկայական եկամուտներ հարկ չվճարելու հաշվին: Այսպիսով, օֆշորային գոտում գումար ներդնելով՝ ավանդատուն ռիսկի չի գնում, որ իր գումարները կարող են ուղղվել հարկերի տրամադրմանը և հարկ եղած դեպքում ինքը չի կարող ետ ստանալ իր գումարները:
3. Բանկային գաղտնիք: Շվեյցարական բանկերը վստահությամբ պահում էր իրենց հաճախորդների մասին բոլոր գաղտնիքները: Բանկային գաղտնիք հասկացությունը հենց առաջին անգամ հայտնվել է Շվեյցարիայում 1934 թվականին, սակայն այս հասկացության հիմքը դեռևս տանում է մեզ 18 –րդ դար: Այս օրենքի հայտնվելը լրիվ պատահական եղավ, երբ Հիտլերը սպառնացել էր բանկիրներին և նրանք հայտնել էին հարուստ գերմանացիների անունները, որի արդյունքում Հիտլերը նրանց սպանել էր: Ուստի Շվեյցարիայում օրենք ընդունվեց, որ բանկային գաղտնիքի օրենքը խախտողը պատժվում է ցմահ ազատազրկմամբ: Այս օրենքը կարող է խախտվել միայն ավանդատուի նկատմամբ քրեական գործ հարուցելու ժամանակ:
4. Համարակալված հաշիվները: Շվեյցարիայում յուրաքանչյուր ավանդատու ունի իր անունի համար նախատեսված համարը, որը գիտի միայն բանկի ղեկավարը, և մի քանի ղեկավարներ, որոնք մուտք ունեն այդ հաշիվները: Այս ամենը թույլ է տալիս ընկերություններին մեծ գնումներ կատարել շվեյցարական բանկերի միջոցով, որը շատ քչերին է հայտնի դառնում:
Ինչպե՞ս կարելի է շվեյցարական բանկում հաշիվ բացել: Շվեյցարիայի ամենամեծ բանկերն են՝ Credit Suisse Group-ն ու UBS-ը, որտեղ միայն հաշիվ բացելը կազմում է 1000 դոլար: Բացի այդ, կա նաև մինիմալ գումարի պարտադիր մնացորդ, որը Credit Suisse Group-ում կազմում է 500.000 դոլար, իսկ UBS-ում՝ 300.000 դոլար: Իսկ ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%-ից ցածր: Ահա այս պայմանների բավարարումից հետո, հնարավոր է առանց Շվեյցարիա մեկնելու բացել հաշիվ այս բանկերից որևէ մեկում: