Ինչպես գիտեք, երեկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ընդունվեց Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձև: Միանգամից նշեմ, որ ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Գլխավոր ասամբլեայում ընդունված որոշումները պարտադիր կատարելու իրավական ուժ չունեն. դրանք խորհրդատվական են: Ինչևէ, այդ քվեարկության արդյունքները բավական ուշագրավ էին: Եթե ակնկալում եք, որ պետք է խոսեմ Հայաստանի դիրքորոշման մասին, ապա միանգամից պետք է հիասթափեցնեմ և ասեմ, որ դա միանգամայն այլ թեմա է, որն արժանի է առանձին անդրադարձի: Այժմ առաջարկում եմ անդրադառնալ վերոնշյալ բանաձևի քվեարկության արդյունքում ստեղծված իրավիճակին:
Նախ սկսենք նրանից, որ ինչպես և սպասելի էր, Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտող հայտարություն տարածեց բանաձևի ընդունման կապացությամբ: Արտաքին գերատեսչությունից ափսոսանք հայտնեցին բանաձևի ընդունման կապակցությամբ և այն որակեցին անարդյունավետ: Ռուսաստանի ԱԳՆ-ն Միջազգային հանրությանը կոչ արեց փոխարենն աշխատել Ուկրաինայում ճգնաժամի կայունացման ուղղությամբ: Նման հայտարարություն, ինչպես և քիչ առաջ ասացի, սպասելի էր գերատեսչական մակարդակում, բայց այ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը մի քիչ ավելի էմոցիոնալ, բայց, այդուհանդերձ, չափազանց հետաքրքիր միտք է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Այսպիսով՝ քվեարկությունից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մասնավորապես հայտարարել է հետևյալը. «Արդյունքը Ռուսաստանի համար դրական է: Մենք բարոյական և քաղաքական հաղթանակ տարանք: Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ միջազգային ասպարեզում Ռուսաստանը մեկուսացված չէ»: Որոշ չափով չհամաձայնել Չուրկինի հետ պարզապես հնարավոր չէ:
Տեսեք, մի կողմից ստացվում է այնպես, որ միջազգային հանրությունը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները, քանի որ մեծամասնությունը քվեարկում է այդ բանաձևի օգտին, բայց եկեք հարցին նայենք մի քիչ այլ տեսանկյունից: Քվեարկությանը ՄԱԿ-ի 193 պետություններից մասնակցել են 170-ը, այդ 170-ից կողմ են քվեարկել 100-ը, դեմ` 11-ը, և ձեռնպահ՝ 58-ը: Իմ կարծիքով, այս պարագայում քվեարկել ձեռնպահ նույնն է, ինչ քվեարկել դեմ, քանի որ փաստացի ձեռնպահ քվեարկելով` երկիրը պաշտոնապես իր աջակցությունը չի հայտնում տվյալ բանաձևին: Կարճ ասած, ստացվում է 100-ը 69-ի դիմաց, իսկ եթե հաշվի առնենք նաև այն պետությունները, որոնք առհասարակ չեն էլ գրանցվել, որպեսզի քվեարկեն, ասել է թե, պահպանել են իրական չեզոքություն, ապա ստացվում է՝ 100-ը 89-ի դիմաց: Այնուամենայնիվ, եկեք այսքան չխորանանք և կենտրոնանանք այն 58 երկրների վրա, որոնք, այսպես ասած, չեզոքություն են ցուցաբերել:
Ձեռնպահ քվեարկածների ցանկում են «Բրիկս» անդամ բոլոր-երկրները (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն), Արգենտինան, ինչպես նաև մի շարք այլ «միջին ուժեր» (middle powers) աշխարհի տարբեր տարածաշրջաններից: Փոքր պետությունների մասին անգամ չեմ էլ խոսում: Եթե հարցին մոտենանք այն սկզբունքով, թե ինչ կարծիք է հայտնել մոլորակի բնակչությունը տվյալ բանաձևի մասին, ապա չէի ասի, որ աշխարհի մեծամասնությունը, կամ էլ միջազգային հանրությունը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում: Ասեմ ավելին, հարցին կարող ենք նայել նաև միջազգային քաղաքականության վրա ազդեցություն ունեցող երկրների հարաբերակցությամբ:
Անխոս, Արևուտքն այսօր չափազանց հզոր է և առայժմ աշխարհի ամենազարգացած և ազդեցիկ «բլոկն» է, բայց այսօրվա տենդենցների համաձայն, աշխարհի զարգացման բևեռը Արևմուտքից տեղափոխվում է արևելք և աշխարհի մի շարք տերություններ, թե հենց արևելյան (հատկապես Չինաստանն ու հնդկաստանը), թե առհասարակ այլ տարածաշրջաններում առկա մի շարք երկրներ (հենց թեկուզ «Բրիկս»-ի մյուս անդամները) իրենց զարգացման տեմպերով սկսել են գերազանցել Արևմուտքին և օր-օրի դառնում են լուրջ դերակատարներ միջազգային հարաբերություններում:
Կարճ ասած, ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել այն, ինչ ասել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, և մի քիչ գեղարվեստա-փիլիսոփակայական գունավորմավ ասել, որ այն, ինչ առաջին հայացքից Ռուսաստանի պարտությունն էր, իրականում դարձավ Ռուսաստանի հաղթանակը: Աշխարհն այլևս փոխվել է: