Չնայած որոշել  էի օգտվել Կանանց միամսյակից օգտվելու իմ սահմանադրական իրավունքից, ու որոշ ժամանակ դադարեցնել հրապարակախոսական գործունեությունս՝ հաշվի առնելով նաեւ  Մեծ Պահքի խորհուրդը  (այդ օրերին համացանցից  հնարավորինս քիչ օգտվելու առումով), սակայն տեղական իշխանություններն իրենց գործելակերպով նպաստեցին, որ ես հերթական անգամ խախտեմ ինտերնետային, «պասս» ու կրկին գրիչը ձեռքս առնեմ՝ ընդդեմ տեղական ու գեղական իշխանությունների: Մարտի 24-ին, գարնանային մի հրաշալի օր, Լոռու մարզային գրադարանում մեկուկես ժամ անկախ ու ընդդիմադիր ընթերցանության, «հովերով տարված» ՝ գավառական քաղաքի տաղտուկ առօրյային հաշտված մարդու մտամոլոր քայլերով ուղեւորվում էի տուն, երբ ճանապարհին հարեւաններիցս մեկը  հանդիպելով՝ տեղեկացրեց, որ համատիրության ղեկավարն անձամբ այցելել է շենք, եւ իմաց է արել, որ, «սպասարկման վարձերը» մուծենք, թե չէ ստիպված է դատարան դիմել, քանի որ «շատ մեծ պարտք է» : Փաստորեն, տարիներ շարունակ «չեն հիշել» , «պարտքի» մասին, ու հանկարծ՝ «հիշել» են: Դե սա տեղական իշխանությունների, «վերջին զենքն» է՝ իրենց ոչ հաճո լրագրողին այդ կերպ ճնշելու համար, քանի որ մնացած վարձերը տեղը-տեղին մուծում ենք, դեռ մի բան էլ ավելի, ինչպես ջրմուղի պարագայում, որին, ելնելով նպատակահարմարությունից, ջրի վարձ վճարում ենք ըստ անձաքանակի՝ մի քանի անգամ թանկացած սակագնով: Անգամ պայմանագիր չունեցող աղբի վարձն ենք մուծում՝ տարիներ շարունակ, քանի որ պարզ տեսնում ենք, որ ամեն Աստծո օր վաղ առավոտյան աղբատարի վարորդներն աղմուկ-աղաղակով, խաղաղ քնած բնակչությանը ժամը 6-ից դիվահար անելով՝ գալիս-դատարկում են աղբարկղերը. երբեմն էլ օրը մի քանի անգամ են գալիս. թեպետ դա էլ չի փրկում տարածքի անմաքուր վիճակը, քանի որ թափառող շներն ու կատուները, ինչպես նաեւ, ցավոք, նրանց հետ նույն հարթության վրա գտնվող մուրացիկներն ու բոմժերը մշտապես ցրիվ են տալիս աղբը: Հարկ է նկատել, սակայն, որ 2 տարի առաջ էլ փորձում էին անհիշելի ժամանակներից իբր «մնացած» աղբի «պարտք» «փաթաթեն» ու քաղաքապետի ազգական, գույքի կառավարման բաժնի պետի գրությամբ սպառնում էին դատարանով (ինչի մասին անդրադարձել ենք սույն բլոգի  2012 թվի «Ինչպես նեղել ընդդիմախոսներին» հոդվածում. 27.06.2012թ.: Իբր քիչ էր  տեղական իշխանությունների համար, որ ընտանիքի գլխավորին էին կենդանության օրոք հալածում՝ ճշտի համար, հիմա էլ անցել են «վերջին մոհիկաններին» : 2008-2010 թվերին էլ ջրմուղին էին «քսի տվել» ՝ փորձելով Թութանհամոնի թվերից մնացած «պարտք» փաթաթել մեր վզին, եւ միայն համառ պայքարի, անդուլ նամակագրության ու համապատասխան իրավական հիմնավորումներ ներկայացնելու արդյունքում 2010թվին այդ պարտքը կարողացա չեղյալ համարել: Բայց այդ համառ պայքարը (որի ընթացքում ջրմուղում մի քանի ղեկավար փոխվեց (թանկ նստեց մեր վրա. հակված եմ կարծելու, թե 2008 թվին մորս խփած կաթվածը դրան նախորդող՝ ջրմուղի սպառնալից  ու վերջնագիր ներկայացնող գրության՝ «Դատական ճանապարհով պարտքը գանձելու վերաբերյալ») արդյունք  էր: Հետո էլ  ասում են՝ «Մեծ Պահքի ժամանակ խուսափեք համացանցից» : Ո՞նց խուսափես, եթե ներողություն արտահայտության ու համեմատության համար «լեշ տեսած գիշանգղի նման» հարձակվում են անգամ Պահքի ընթացքում ու Կանանց միամսյակին, Զատկին  ու մայրության ու գեղեցկության տոնին «ընդառաջ» : Այդ պարոնների համար երեւի թե Պահքն ու Կանանց միամսյակը, առհասարակ տոները միմիայն իրենց թիմակից-կուսակից, խնամի-ազգական, քավորկին ու տեգերկին «փափկասուն տիկնանց» կամ «աղջիկ-պարոնների» համար են, նրանց, ովքեր իրենց հաճոյախոսում են, ծափ են տալիս, համայնքի ավագանու 98 տոկոսի նման՝ որոշումներին  «դա, գասպադին» են ասում: Մյուսները «խոլոպներ» կամ «բոմժեր» ու «համբալներ» են՝ կոչված միմիայն իրենց բյուջեն լցնելու համար: Ի դեպ, ըստ հեռուստատեսային մի գովազդի, քաղաքապետական շրջանակները ասֆալտի բիզնեսից բացի, հիմա էլ անցնում են մսամթերքի կիսաֆաբրիկատների բիզնեսի (չլինի՞ որոշել են որպես «հումք» իրենց ընդդիմախոսների կաշին ու ոսկորներն օգտագործել): Իսկ ընդդիմախոսները, որպես կանոն, նրանց համար «չարակամ» են, «պատվերով գրողներ»,  որոնց «պատվիրատուները» «նախանձում» են իրենց կամ պաշտոնին «աչք ունեն»: Փաստորեն, բավական չէ, որ քաղաքապետարանը, դե յուրե, թե դե ֆակտո, դարձել է «Փակ բաժնետիրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն», որտեղ գլխավոր ճարտարապետը քաղաքապետի փեսան է՝ պատմաբան-մանկավարժի կրթությամբ, լրատվության գծով  խորհրդականն էլ՝  մորաքրոջ տղան՝ կաթի տեխնոլոգիայի գծով  մասնագետ, (նախկինում դպրոցի տնտեսվար), իսկ մնացած ազգականների պաշտոնների մասին քանիցս է գրվել մամուլում՝ այլոց կողմից, դեռ մի բան էլ ոչ միայն ոչ յուրայիններին թույլ չեն տալիս օգտվել ՏԻՄ կամ պետական համակարգում, անգամ՝ մասնավոր ընկերություններում մի կտոր հաց վաստակելու իրավունքից (զանազան միջոցներով արգելք հանդիսանալով, ինչը մի առանձին թեմա է) այլեւ՝ «գլխներին» զանազան «պարտքեր» են փորձում «սարքել»: Թեպետ, հազիվ թե քաղաքակիրթ, բարեկիրթ ու խելքը գլխին մարդը կարողանա նրանց հետ հաշտ-համերաշխ աշխատել՝ եթե խնամի-բարեկամ չէ: Չենք զարմանա, եթե տեղական իշխանությունների մարդահալած քաղաքականության շնորհիվ քաղաքը այնքան դատարկվի բնակչությունից, որ մի օր քաղաքապետն ասի՝ «Ի՞նչ անեմ, քաղաքում մնացել ենք մենք ու մերոնցով, սաղ թողել-փախել են, դրա համար էլ ամեն մեկս մի քանի պաշտոն ու բիզնես ունենք»: Ինչ վերաբերում է հերթական անգամ իմ նկատմամբ սոցիալական ճնշման դրսևորմանը (նախորդը անցած ամսում էր, երբ մահացած հորս անձաքանակով աղբի վարձ էին հաշվարկել, անգամ՝ նախօրոք իմ զգուշացումից հետո, իսկ իմ դիտողությունից հետո հանկարծ հիշեցին համատիրության «սպասարկման վարձը» ինչի ապացույցները տեղ են գտել «Կերան, կերան կերան...վարձերը մարդկանց կերան» հոդվածում (սույն բլոգի այս տարվա 21փետրվարի համարում), ապա դա, թերեւս, պայմանավորված է նրանով, որ մարտի 19-ին կոմկուսի Վանաձորի գրասենյակում ասուլիսի ժամանակ «վերին» իշխանություններին քննադատող 1-ին քարտուղարից հետաքրքրվեցի՝ իսկ արդյո՞ք արտագաղթի հարցում տեղական իշխանությունների մեղքի բաժինը չեք տեսնում: Ու բանախոսն էլ ստիպված էր համաձայնվել՝ իմ կողմից ներկայացրած համապատասխան փաստարկներից հետո, ու այդ ամենը տպագրվեց ինտերնետային հարթակում: Մի պատճառ էլ, թերեւս, այն է, որ Ֆեյսբուքի իմ էջում զետեղում եմ նաեւ քաղաքի հիմնախնդիրներին անդրադարձող այլոց հրապարակումներ եւս՝ որպես լրագրողական համերաշխության դրսեւորում: Իսկ վերջերս էլ հերթական անգամ քննադատել էի՝ «Խեղճ բնակչություն, ի՞նչ է անելու առանց քաղաքապետարանի նիստերի» հոդվածում, որն արտատպած կայքերից մեկում 400-ից ավելի ընթերցանություն էր ունեցել:             

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել