Armtimes.com-ը գրում է.

Ինչպես «ՀԺ»-ն ավելի վաղ գրել է, մարտի 8-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Միայն սիրո մասին» խորագրով համերգն իրականացվել է պետբյուջեից հատկացված 22,4 միլիոն դրամով, սակայն այն հանրությանը ներկայացվել է որպես Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացված միջոցառում:

«Հայլուր»-ի մարտի 8-ի թողարկման մեջ նշվել է, որ Ռիտա Սարգսյանը «անակնկալ է մատուցել կանանց»: «ՀԺ»-ն Առաջին ալիքին գրավոր հարցում է ուղղել` պարզելու, թե որտեղի՞ց «Հ1»-ին այդ տեղեկատվությունը, ի՞նչ նպատակներով է միջոցառումը Հանրային հեռուստաընկերությունը վերածել տիկին Սարգսյանի «PR ակցիայի», եւ ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիներին, որոնց հարկերից աշխատավարձ է ստանում Հանրայինի ամբողջ աշխատակազմը, թյուր տեղեկություն մատուցվել:

Առաջին ալիքի հասարակության հետ կապերի բաժնից երեկ պատասխանել են, որ մեր դիտարկման մեջ թյուրըմբռնում է տեղի ունեցել, քանի որ «Առաջին լրատվական»-ի մարտի 8-ի հիմնական թողարկման ընթացքում որեւէ բառ չկա համերգը Ռիտա Սարգսյանի կողմից կազմակերպված կամ նրա կողմից ֆինանսավորված լինելու մասին: «Հ1»-ը մեջբերել է հեռուստամեկնաբանի խոսքը. «Արդեն ձեւավորված բարի ավանդույթի համաձայն՝ նախագահի տիկին՝ Ռիտա Սարգսյանը մարտի 8-ի առիթով դարձյալ տոնական անակնկալ է մատուցել Հայաստանի տարբեր` գիտակրթական, մշակույթի, առողջապահության, հասարակական-քաղաքական ոլորտներում իրենց ակտիվ գործունեությունը ծավալած ու անկախ Հայաստանի զարգացման գործում իրենց ավանդն ունեցած կանանց: Տիկին Սարգսյանն անձա՛մբ է շնորհավորել նրանցից շատերին ու մասնակցել տոնական համերգին»: Փաստորեն, ըստ Առաջին ալիքի, լուրերի մեկնաբանը «օրվա անակնկալ» ասելով նկատի է ունեցել ոչ թե միջոցառումը, այլ՝ առաջին տիկնոջ՝ դահլիճում հայտնվելն ու կանանց շնորհավորելը: Բայց նկատենք, որ «Հ1»-ը ռեպորտաժի նաեւ եթեր է հեռարձակել հրավիրյալ կանանցից մեկի խոսքն այն մասին, թե՝ «սիրով այսօր կանայք ընդունել են հրավերը առաջին տիկնոջ, եւ արդեն ավանդույթ է դարձել նրա կողմից ուշադրությունը կանանց նկատմամբ»: Եվ ընդհանրապես, ռեպորտաժում ամենից շատ խոսվում է Ռիտա Սարգսյանի մասին, բայց ոչ մի խոսք չկա պետության մասին՝ որպես միջոցառման կազմակերպիչ կողմ:

Մեր ձեռքի տակ է «Առաջին ալիքի» «Արի ու տես» հաղորդման տեսագրությունը, որում հաղորդավարն ասում է հետեւյալը. «Մարտի 8-ի առթիվ իրենց ոլորտում ավանդ ու տարիների վաստակ ունեցող կանայք հրավիրված էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո կազմակերպված տոնական համերգին»: Երգչուհի Զարուհի Բաբայանը հաղորդման շրջանակներում ասում է, որ «կարծես Ամանոր լիներ, եւ կարծում եմ այս համերգը, որ այսօր նվիրում է բոլորիս առաջին տիկինը, կլինի դրա շատ գեղեցիկ ավարտը», եւ սա «Հ1»-ը մատուցել է հեռուստադիտողին:

Մի ուշագրավ փաստ էլ կա: Կազմակերպությունը, որին փոխանցվել է 22,4 միլիոն դրամը, համերգը կազմակերպելու համար, «Հայկական ջազի 70 տարին» մշակութային հասարակական կազմակերպություն» ՀԿ-ն է, որի հիմնադիրներից մեկը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանն է: Էստեղ, կարծում եմ, որեւէ թյուրըմբռնում չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել