Քեսաբի ողբերգությունը մի տեսակ դիսկոմֆորտ ստեղծեց Հայաստանի քաղաքական էլիտայի համար։
Ինչ-որ բան էր պետք անել, բայց իշխանության ոչ մի օղակում հստակ պատկերացում չկար, հիմա էլ չկա անելիքի վերաբերյալ։
Սիրիա խորհրդարանական փաստահավաք խմբի ուղարկումը հստակ անելիքի չգոյության դրսևորում էր։
Առանց քեսաբցիներին հանդիպելու էլ՝ պարզ էր, թե ինչ է տեղի ունեցել։ Իշխանությանը պաուզա էր պետք՝ փաստահավաքների վերադարձին հղում անելու քողածածկույթով։
Սիրիա մեկնած խորհրդարանականները նոր ոչինչ չեն հաղորդելու ոչ իրենց գործընկերներին, ոչ առավել ևս՝ ավելի իրազեկ պետական մարմիններին՝ նախագահականին կամ ԱԳՆ–ին։
Մեր խորհրդարանականների այցը Սիրիա կարելի էր համարել նաև էքստրեմալ տուրիզմ, եթե վերջին օրը նրանք, կամա թե ակամա, չզբաղվեին Բաշար Ասադի PR–ով։
Իզգոյացած ցանկացած ռեժիմ, բռնապետը երազում է լուսանկարվել դրսից ժամանած հյուրերի հետ՝ արտաքին աշխարհին ի ցույց դնելով իր լեգիտիմության ճանաչումն այս կամ այն երկրի կողմից՝ ներքին հակառակորդներին հասկացնելով, թե աշխարհի կողմից անհուսալիորեն մերժված չէ։
Մերոնք հենց էդ ապահովեցին Ասադի համար։
Փաստահավաք խումբը կվերադառնա Երևան, քեսաբցին էլի կմնա իր դարդին ու ցավին, որովհետև, բացի ֆինանսական օգնությունից ու արտահանումից, պաշտոնական Երևանը գործնական ոչինչ անել չի կարող։
Դա առանց փաստահավաք խմբի էլ պարզ էր, բայց Երևանն անուղղակիորեն կորցրեց իր չեզոքությունը սիրիական հակամարտության մեջ՝ Ասադի ու մեր ջահել դեպուտատների լուսանկարներն աշխարհի սեփականությունը դարձնելով ու սիրիահայ հյուծված համայնքին Ասադի հակառակորդների թիրախը դարձնելով։
Էքստրեմալ տուրիզմը վտանգավոր զբաղմունք է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել