Անկեղծ ասած նույնիսկ անվանական չգիտեմ, թե ՀՀ ԱԺ պատգամավորներից ովքեր են մեկնել Սիրիա` Քեսապի դեպքերի առնչությամբ տեղի հայերին հանդիպելու և սիրիական իշխանությունների հետ, ըստ ամենայնի, բանակցելու համար, սակայն վստահ եմ, որ դա առավելագույնն է, որ այս պահին այդ մակարդակում կարող էին անել Հայաստանի խորհրդարանականները: Անկախ նրանից` մեկնողները իշխանական թևից են, ընդդիմությունից, թե, այսպես կոչված, այլընտրանքից, երևույթը շատ կարևոր է և ողջունելի. չեմ հասկանում այն ծաղրական և քննադատական գրառումները, որ հանդիպում եմ համացանցային հարթակներում: Բոլորը, անկախ նրանից` որքանով են ներքուստ անկեղծ կամ կեղծ իրենց մտահոգություններում, պետք է անեն հնարավորը` քեսապահայության խնդիրները միջազգային լրահոսի և քննարկումների կիզակետում պահելու համար: Այդ տեսակետից հայ պատգամավորների այցը շատ կարևոր քայլ է` թե տեղի հայերին գոտեպնդելու, թե միջազգային կառույցների ուշադրությունը այս չհայտարարված, աղետալի պատերազմի վրա սևեռելու համար:

Հայերի ցեղասպանության և տեղահանությունների կրկնության օրհասական վտանգը որևէ քաղաքական տարաձայնություն չի ճանաչում, հետևաբար քաղաքական տարաձայնությունների պատճառով Սիրիա մեկնած պատգամավորներին ծաղրելը կամ քննադատելը արդարացված չեն: Ի վերջո, խարույկի վրա այրելիս թշնամին երբեք չի տարանջատում` իշխանամետ է խորովում, ընդդիմադիր, թե այլընտրանք...

Բոլորի վերքին ոսոխը աղ ցանում է հավասարապես...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել