1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մեծ հույսեր է կապում ԵՄ-ում Իտալիայի նախագահության հետ, որը, նրա կարծիքով, կարող է չափազանց արդյունավետ լինել առևտրի անդրատլանտյան գոտու ստեղծման համար:
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան կարող են ավելին անել մեր ժողովուրդների անվտանգության ու բարգավաճման ապահովման համար: Ես մեծ հույսեր եմ դնում ԵՄ-ում Իտալիայի նախագահության վրա՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- ասել է Օբաման:
Նրա կարծիքով՝ վարչապետ Մատեո Ռենցին կարող է ԵՄ-ում նախագահությունը դարձնել չափազանց արդյունավետ: Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն:
Մասնավորապես, Օբաման որպես երկկողմ համագործակցության առաջնահերթություններ է անվանել աշխատանքն ազատ առևտրի անդրատլանտյան գոտու ստեղծման վրա և ներդրումային գործընկերության մասին համաձայնագրի կնքումը:
Բացի դրանից՝ ԱՄՆ առաջնորդը խոստացել է աջակցել Միջերկրածովյան տարածաշրջանում կայունության ապահովման իտալական կողմի ջանքերին:
«Իտալիային է արդեն պատկանում Լիբանանից Լիբիա ընկած տարածաշրջանում առաջատար դերը, և իտալական ազդեցությունը պետք է աճի»,- կարծում է Օբաման:
Օբամայի կարծիքով՝ Վատիկանի հետ ԱՄՆ-ին կապում է աղքատության դեմ պայքարի ընդհանուր նպատակը:
«Ժամանակակից աշխարհում գլոբալիզացիան և առևտրի զարգացումը հանգեցրել են աղքատների թվի կրճատման, սակայն Ֆրանցիսկոսն իրավացի է, երբ ասում է, որ դա բավարար չէ: Այդ իսկ պատճառով մենք մեր գործընկերների հետ ձգտում ենք արմատախիլ անել աղքատությունը»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահը այցով Իտալիայում է գտնվում իր եվրոպական շրջագայության շրջանակում: Հռոմի պապի հետ հանդիպումից բացի, նա բանակցություններ կանցկացնի նախագահի և վարչապետի հետ: