Այսօր թատրոնի միջազգային օրն է։ Սկսելով դեռևս Արտավազդ Երկրորդի ժամանակներից և ունենալով այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանն ու շատ այլ մեծեր, այսօր մեր թատրոնը, ցավոք, բավարար պայմաններ չունի նույնիսկ դերասանների վարձատրության համար, իսկ ներկայացումներ դիտողներն այսօր շատ չեն, ինչն էլ իր հերթին երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի արտացոլանքն է։ Բազմիցս խոսել եմ թատերական տարբեր գործիչների ու այդ ոլորտում աշխատողների հետ, մեծ մասը աստիճանաբար հեռանում են թատրոնից ու իրենց գոյությունը պահում են զանազան շոուների ու սերիալների հաշվին։ Իսկ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այս և այլ ոլորտների համար, այս ոլորտում ևս մենաշնորհ են հաստատել, ու իրենք են թատրոն խաղում մի ամբողջ ժողովրդի հետ։ Վստահեցնում եմ, որ այդ թատրոնը երկար շարունակվել չի կարող, և իսկական թատերական արվեստը դարձյալ իր ուրույն տեղը կզբաղեցնի Հայաստանի և նրա քաղաքացիների մշակութային կյանքում։
Ինչևէ, շնորհավորում եմ այս ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում, որ իրենց բարդ աշխատանքում, այնուամենայնիվ, չհիասթափվեն ու շարունակեն ստեղծագործել։ Եթե պետության կողմից այսօր բավարար ուշադրության չեն արժանանում, ապա ժողովուրդը ամեն ինչ տեսնում և գնահատում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել