Երբեք հնարավոր չէ իմանալ, թե երբ կարթնանաս կյանքում կամ, արդյո՞ք, երբևէ կարթնանաս: Երկար ճանապարհ անցնելուց հետո է միայն, որ գիտակցում ես, որ մինչ այդ քնած ես եղել՝ կարծելով, թե ամեն ինչ հասկացել ես: Ու այդ միտքը քեզ պարզապես սարսափեցնում է, որովհետև ամբողջ այդ ժամանակ, որ վստահ ես եղել, պարզվում է, որ ոչինչ էլ իրականում չգիտեիր: Երբ հասկանում ես սա, հնարավորություն ես ստանում բացահայտելու, թե ով ես իրականում: Դրանից հետո կամ կարչում ես նրան, ինչից մշտապես կառչել ես, ինչից մյուսներն ասում են, թե պետք է կառչես, և կամ ոտք ես դնում անհատակ անորոշության մեջ:
Հինգ տարի առաջ լուսանկարիչ Ryan Muirhead-ը արեց այդ քայլը, և այժմ ճանապարհորդում է դատարկ տարածության մեջ:
32-ամյա լուսանկարիչը լուսանկարչությունն իր համար բացահայտել է 27 տարեկանում:
![]()
- Բազմաթիվ տաղանդավոր լուսանկարիչներ իրենց տաղանդն օգտագործում են որպես բիզնես` հաճախորդների համար լուսանկարելով: Ինչո՞ւ դուք այդպես չեք վարվում:
- Երբ ես սկսեցի լուսանկարել, ես թշվառ էի: Համարյա ինքնասպանություն կատարելու հոգեվիճակում: Ես ատում էի կյանքի հետ կապված ամեն ինչ: Ես այնպիսի բաների միջով էի անցնում, որ ոչ մի ելք չէի տեսնում, բայց ելքը կար, և այն լուսանկարչությունն էր: Երբ ես հասկացա, որ արվեստը անհատականության մեջ տեղի ունեցողը արտահայտելու հրաշալի միջոց է: Ես երբեք էլ արտիստիկ չեմ եղել: Միշտ չէ, որ ես ստեղծագործել եմ: Ես չգիտեի, որ ես կարող եմ կրեատիվ լինել:
![]()
- Ես կարծում էի՝ դու լուսանկարում ես դեռ մանուկ հասակից:
- Իմ առաջին լուսանկարը ես արել եմ, երբ գրեթե 27 տարեկան էի, հենց այն անորոշության ու դատարկության տեղից: Երբ ես այն բացահայտեցի ինձ համար, ես այլևս ուրիշ ոչնչով չէի ցանկանում զբաղվել: Դա իսկական հայտնություն էր ինձ համար: Դրանից հետո երեք տարի շարունակ մտքովս երբեք չէր անցնում, թե ինչ կարող եմ անել դրա հետ: Ես ուղղակի տարվել էի դրանով ու ցանկանում էի լուսանկարել ու լուսանկարել: Ուշադրությունն իմ աշխատանքներին ու սոցիալական մեդիայում աշխատանքներիս տարածումը պատահականություն էր: Ես ուղղակի լուսանկարում էի, հետո մտածեցի, թե ինչ եմ անելու բոլոր այս լուսանկարների հետ: Ընկերներիցս մեկն առաջարկեց դրանք տեղադրել համացանցում, ու ամեն ինչ հենց այդտեղից էլ սկսվեց:
Իմ աշխատանքները չափազանց անձնական են, ես երբեք էլ չեմ ցանկացել վաճառվել: Ես նախընտրում եմ սովորեցնել կամ պատմել ու խոսել դրա մասին, բայց վաճառել՝ երբեք: Արվեստը կոմերցիոնացնելը տարօրինակ է հնչում ինձ համար: Իմ աշխատանքները ծնվում են այն ժամանակ, երբ դեպրեսիայի մեջ եմ, կամ երբ զգում եմ, որ կարող եմ ինչ-որ կրեատիվ բան ստեղծել:
![]()
- Ուսուցման մասին խոսելով. վերջերս թրեյնինգ էիք անցկացնում: Ինչպե՞ս անցավ ամեն ինչ:
- Ես սովորեցնում եմ միայն այն, ինչ հնարավոր չէ ինքնուրույն սովորել Google որոնողական համակարգում փնտրելով: Իսկ մնացածն արդեն մարդիկ անհատականապես պետք է գտնեն: Տեխնիկական պահերը հնարավոր է սովորել ընդամենը մեկ ամսում: Իսկ իրական բեկումնային փոփոխությունը գալիս է այն պահից, երբ ինքդ քեզ հարցնում ես, թե ինչպիսին կցանկանայիր՝ լիներ կյանքդ: Ինչի՞ց ես վախենում: Ի՞նչ կցանկանայիր փոխել կյանքում, սակայն վախենում ես դա ընդունել: Ի՞նչ ես ուզում, որ լուսանկարներդ պատմեն: Ի՞նչ նշանակություն ունեն դրանք:
![]()
- Որտեղի՞ց է գալիս արվեստով զբաղվելու մոտիվացիան:
- Ինչո՞ւ հենց արվեստը, որովհետև մենք ապրում ենք ու գոյություն ունենք մի տեղ, որտեղ ամբողջական պատասխանները հնարավոր չէ գտնել: Այստեղ, չնայած մենք ամեն ինչ ստանում ենք գիտությունից, կրոնից ու կյանքի փորձառությունից, այնուամենայնիվ, հանդիպում ես մի այնպիսի հարցի, որի միակ պատասխանը «չգիտեմ»-ն է: Ու դու անընդհատ այդ պատասխանին ես հանդիպում: Արվեստն այնքան հաճախ է ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահայտում դա: Ինչո՞ւ ենք ստեղծում արվեստը, որովհետև մենք չգիտենք պատասխանները, իսկ արվեստը բավականաչափ աբստրակտ է ասելու` «սա է պատասխանը»:
![]()
- Երբևէ մտածել ես, թե ինչո՞ւ է, որ մենք գեղեցիկի զգացում ունենք:
- Որովհետև մենք կարողանում են մտածել, որովհետև մենք ուղեղ ունենք: Ամեն ինչ գեղեցիկ է կառուցվածքներով, հակադրությամբ ու կազմվածքով: Սակայն ամեն ինչ հենց այդպես կառուցվածք էլ մնում է, եթե չկան զգացմունքները, եթե չկա մտածողություն ու դատողություն: Երբ կարող ես ասել՝ «Ես զգում եմ սա» կամ «Ես մտածում եմ սա», հենց այդտեղից էլ սկսվում է իրական գեղեցկությունը:
- Ինչպիսի՞ մտքեր ունես արվեստի ու տառապանքի մասին:

- Ես միշտ մտածում եմ դրա մասին. իմ կողմից սիրված բոլոր արվեստագետներն էլ տառապած են: Ինչպե՞ս նրանք կարող էին չտառապել, ինչպե՞ս կարող է լավագույն արվեստը այդտեղից չծագել: Որքան ավելի շատ ես տառապում, այնքան ավելի մոտ ես կյանքիդ վերջ դնելուն, ու այնքան բաներ են անցնում քո մտքով, ու հենց այդ մտքերից ու զգացմունքներից էլ ծնվում են ստեղծագործությունները:
- Ի՞նչ կասես այն մարդուն, ով նոր է սկսում զբաղվել կրեատիվ լուսանկարչության արվեստով, կամ այն մարդուն, ով միգուցե անհույս է, զգում ու ցանկանում է ուսումնասիրել կրեատիվ աշխատանքը, սակայն չգիտի՝ որտեղից սկսել:
- Կրեատիվ աշխատանքը ինչ-որ բան սկսելը ու ավարտին հասցնելը չէ, այն ապրելակերպ է: Լուսանկարչության մեջ ես երբեք չեմ մտածում՝ այսօր պետք է ինչ-որ բան լուսանկարեմ. ես ինձ ամբողջ ժամանակ հարց եմ տալիս. «Ի՞նչ ես տեսնում, ինչպես կպատմեիր սա, ինչպես կարտահայտեիր սա այլ կերպ, ի՞նչ կարող ես ասել մեկ լուսանկարով այն վայրի մասին, որտեղ այժմ գտնվում ես»:
Այնպես չէ, որ փիլիսոփաներն ու գրողները ինչ-որ սովորական ձևով հանկարծ սկսեցին փիլիսոփայել. նրանք աշխարհն այլ տեսանկյունից էին նայում: Ոչ թե կարողությամբ, այլ մտադրվածությամբ: Մեծ արվեստը մեծ հարցեր է առաջ քաշում, սակայն այն նաև ստիպում է արվեստագետին հարցեր տալ ինքն իրեն: Ինչո՞ւ ես դեպրեսիայի մեջ: Ինչո՞ւ է կրեատիվությունը քեզ հրաշալի միտք թվում: Ո՞վ ես դու իրականում: Ինչի՞ց ես վախենում: Ինչի՞ հույս ունես: Այս հարցեր տալուց հետո ու սրանք աշխատանքի մեջ կիրառելով է միայն, որ սկսում ես մտածել արդեն երկրորդական տեխնիկական մասերի վրա:
Ի վերջո, ամեն ինչ ազնվության վրա է հիմնված: Պատրաստակամությունը՝ գործ ունենալ քեզ հետ, կապված է անհամար հարցերի ու ճշմարտության հետ: Միգուցե դու ազնիվ չլինես ամբողջ աշխարհի հետ, սակայն դու պետք է ազնիվ լինես ինքդ քեզ հետ: Դա իրականում դժվար է, և դա է ճանապարհորդությունը: Հենց այդտեղից է ծնվում լավ արվեստը, ու այն բոլորովին այլ ճանապարհի վրա կդնի քեզ:
![]()










