1in.am-ը գրում է.
Pew Research հեղինակավոր կենտրոնի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ վերջին 5 ամիսներին զգալիորեն ավելացել է ԱՄՆ այն քաղաքացիների թիվը, ովքեր Ռուսաստանին համարում են կամ լուրջ խնդիր, կամ թշնամի: Այդ ցուցանիշով Ռուսաստանն առաջին անգամ առաջ է անցել Չինաստանից: Միևնույն ժամանակ հարցման մասնակիցների 52 տոկոսը կարծում է, որ Վաշինգտոնը չպետք է ակտիվ միջամտություն ցուցաբերի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Միայն 6 տոկոսն է հանդես եկել ուժի կիրառման օգտին:
Հարցումն անցկացվել է մարտի 20-23-ը՝ Ռուսաստանի և ուկրաինական ուղղությամբ նրա քաղաքականության վերաբերյալ շարքային ամերիկացիների վերաբերմունքի մասին:
26 տոկոսը Ռուսաստանին համարում է ԱՄՆ թշնամի, 43 տոկոսը՝ լուրջ խնդիր, սակայն ոչ հակառակորդ, 22 տոկոսը Ռուսաստանին համարում է խնդիր, ևս 10 տոկոսը դժվարացել է պատասխանել:
2013-ի նոյեմբերին պատկերն այլ էր. շարքային ամերիկացիների միայն 18 տոկոսն էր այն ժամանակ Ռուսաստանին համարում թշնամի, իսկ 26 տոկոսը՝ լուրջ խնդիր: Բացասական տրամադրությունների աճ է հիմնականում նկատվում հանրապետական պատասխանողների մոտ:
The Washington Post-ը նշում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է սառը պատերազմի ժամանակաշրջանից ի վեր: Նշենք, որ Չինաստանին թշնամի կամ լուրջ խնդիր է համարում հարցվածների 58 տոկոսը:



