Ստեղծագործական գործազրկությունս ամիսներ ձգվեց՝ հորանջելու աստիճան։ Վակուում էր, մտքավիժում։ Այլ խոսքով՝ դատարկություն էի, որ մի օր վերածվեց անզուսպ հեկեկոցի ու սեփական աչքից ընկնելու թթվաշ զգացողության։ Սարսափելի էր։ Երբևէ չէի զգացել դատարկությունս։ Ու ոչ Երևանը չափչփելն ու ոչ էլ բարձս չսփոփեցին։ Պարզ աննորմալություն։ Ընդամենը։ Հետո ինքնաբուժվեցի (էլի պարզ աննորմալություն) ու սկսեցի նորից ապրել՝ այլևս չդատարկվելու միամյա հույսով։ Ու ապրում էի՝ անհասցե հեռուներ ուղարկելով դատարկությունս։ Ավելի ճիշտ կամ ճիշտ ավելի՝ կարծում էի՝ ապրում եմ։ Հիմա ուրիշ է:

 Չեմ քնել։ Պատճառը զգացողություններիս թթվածնային տարուբերումն էր, որ կքել էր մտավորս ու լցվել էությանս մեջ։ Զգացմունքախեղդ էի, ու ի՜նչ քնել. սիրող մարդը ո՞նց կքնի։ Մի բուռ լույս էի ճարել, չծերացող գեղեցկություն, որ հաճախ մեր կողքին է, մեր մեջ, ու չենք նկատում։ Մինչդեռ լույսը ապրելն է, դատարկ չապրելը, գոնե մի քիչ, մի՜ քիչ հոգում ու հոգով ապրելը (կենցաղը սպանում է լույսը, կենցաղը ապրել չէ)։ Զգում էի մեծանալս։ Ու ինչո՞ւ եմ լացում. էլի ապրում եմ։ Լաց լինելն էլ ապրելու ձև է, դատարկությունից հո լա՞վ է...

Հանգիստ, առանձնապես էականը չխոստացող օրս գյուղից գլորվում էր Երևան, որ մի բան գտնի, որ մի բան դառնա ու սովորականի պես անսովոր լինի։ Ու գտավ։ Դարձա՜վ. իմ երգն եմ լսում։ Դունչ դնչի՝ ես ու երգս։ Չփոխարինվող, անպատմելի գարուն է երգիդ շնչառությունը դեմքիդ զգալը։ Երգ ես շնչում ու չես ուզում ար-տա-շըն-չեեեել։ Չե՛ս ուզում։ Որովհետև զգում ես գարունով լցվելու, եղանակ ու ...չերգված մեղեդի դառնալու անմարդկային ապրումներդ։ Ու ծնվում է մի խելառ համեմատություն՝ ԵՍ ԾԱՌԻ ՍՈՒՆԿ ԵՄ։ Ու միայն սունկը գիտի՝ ինչ հոտ ունի ծառը, ո՜նց է ապրում ծառը, ոնց է հասունանում ծառը, ինչ կեղև ունի ծառը, ոնց է օգնում, որ ապրի սունկը՝ ես։))))))։ Ես, որ սերտաճում եմ ծառին, երգող, երգիչ ծառին։

Սնկային ուրախությունս խայտում է երգիս հետ, քիչ-քիչ վերածվում ծանրակշիռ, անտարիք լրջության, սիրտ ու ապրուստ տվող խոհեմության (անդարձ տրորել եմ դատարկությունս կոշիկներիս ցեխանախշերով)։  Մի խոհեմություն, որ մոմի թարթվող լույսի տակ ու արենու գավաթների շուրջ ջղայնացնող հարցի տեղիք է տալիս՝ ձանձրացե՞լ ես։ Ե՞ս։ Հարցը հարցականով կորչում-մոռացվում է  մոմավառ մթության մեջ. ուրախությունս թուլացրել է բառերս ու ծվարել՝ ուր որ է պայթելու։ Ակապելա է. ապրում եմ, կեղևն եմ զգում…Ուրախությունս դառնում է չհասկացվող լռություն ու…էլ չի դիմանում, ուզած-չուզած վերաձևվում է արցունքի, երբ «Բարև»-ն է հնչում։ Լավ է՝ մութ է. ուրախությունս (առավել ևս՝ արցունք դարձած) ամենքին վստահելու համարձակություն-միամտություն այլևս չունեմ։ Տխրությունը կարելի է երբեմն վստահել, բայց ուրախությունը… մտածել է պետք…Մութն ու երգը, մոմի՝ մթությանն անընդհատ լեզու հանող կայծը, կիթառն ու երգը, մարդիկ ու երգը, ես ու երգը…շատ է, մեկի համար շա՜տ է։ Բայց ստեղծողի ու գործի համար չթալանվող աշխարհ է. դու ես, ու քո երգն է, որ մի քանի ժամվա ընթացքում իր տաք շնչառությամբ ու չգոլորշիացող տպավորություններով գիրկդ է դնում մի նոր փիլիսոփայություն. ընկնող երկնաքարը մինչև հոծ գիծ չգծի կետ չի դառնալու, մայրը, հետո՝ դուստրը։Ու.

 Երջանկությունը քո՛ երգն ունենալն է։ Եվ.

 Պարզվում է՝ ես ունեմ ի՛մ երգը։ Ուրեմն ապրում եմ։ Ուրեմն գարուն է ամբողջ տարին, ու սունկն աճելու է, …սերտաճելու է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել