1in.am-ը գրում է.
Թբիլիսիում՝ Ռուսաստանի նախկին դեսպանատանը Ջավախքի էթնիկ հայերի հերթեր են գոյացել: Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին նախագահի որդի Կոնստանտին Գամսախուրդիան՝ փոխանցում է Gruziya Online-ը:
«Թբիլիսիում՝ Վրաստանում Ռուսաստանի նախկին դեսպանատան, ավելի հստակ՝ գործող հյուպատոսության մոտ Ջավախքում ապրող էթնիկ հայերի հերթեր են: Նրանց Ռուսաստանի դաշնության անձնագրեր են բաժանում»,-հայտարարել է Գամսախուրդիան:
Նրա խոսքով՝ Վրաստանում ապրող էթնիկ հայ բնակչության ճնշող մեծամասնությունն արդեն ստացել են ռուսական անձնագրեր: «Դրանք բաժանել են նրանց, ինչպես վաուչերներ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ տեղեկությունն իրեն փոխանցել են կոնկրետ մարդիկ, որոնք անունները հայտնելուց նա այս փուլում զերծ է մնում:
Գամսախուրդիան նշել է, որ բարձրացրել է այդ հարցը մի քանի օր առաջ, սակայն դրան ուշադրություն չեն դարձրել: Նրա տեղեկություններով՝ իրենց հատուկծառայություններն արդեն վաղուց ուսումնասիրում են այդ հարցը:



