Օրերս Հաագայում մեկնարկեց միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին մասնակցում է ավելի քան 50 երկիր: Այդ օրերին ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի նախաձեռնությամբ կայացավ նաև G-7-ի երկրների ղեկավարների հանդիպումը: Ենթադրվում էր, որ այդ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նկատմամբ դիվանագիտական ճնշումներ կիրառելու նոր համատեղ միջոցներ կմշակվեն՝ ներառյալ այս ֆորմատից Ռուսաստանին հեռացնելը: Նշենք, որ ոչ մի առանձնապես նոր գործնական քայլ չարվեց, բացի տեսական սպառնալիքներից, որոնք իբր իրականություն կդառնան, եթե Ռուսաստանը շարունակի էսկալացիայի ենթարկել ուկրաինական ճգնաժամը: Սակայն, եթե ինչ-որ ուշագրավ բան եղավ էլ, դա Օբամայի հայտարարությունն էր՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր դրդապատճառներին՝ կապված Ղրիմի «բռնակցման» հետ` Օբաման մասնավորապես ասել է հետևյալը. «Պուտինը, թերևս, ուզում է վերականգնել Ռուսաստանի գերտերության կարգավիճակը և Մոսկվայի նախկին հեղինակությունը, երբ այն դեռ Սովետական Միության մայրաքաղաքն էր, բայց Ռուսաստանը, ոչ ավել, ոչ պակաս, քան տարածաշրջանային տերություն է, որը սպառնում է իր անմիջական հարևաններին, իսկ այդ ոճը ցույց է տալիս ոչ թե նրա ուժը, այլ թուլությունը: Միացյալ Նահանգները ևս ունի ազդեցություն իր հարևանների վրա, բայց մենք հիմնականում չենք գրավում այդ երկրները, որպեսզի ձևավորենք իրենց հետ ուժեղ, դաշնակցային կապեր: Այն փաստը, որ Ռուսաստանը դիմում է ռազմական ուժի` խախտելով միջազգային իրավունքը, ապացույցն է նվազ ազդեցության և ուրիշ ոչնչի: Ռուսաստանի գործողությունները խնդիր են մեզ համար, բայց ես չեմ կարծում, որ սա համար մեկ խնդիր է Միացյալ Նահանգների համար: Ես ավելի շատ մտահոգված եմ համաշխարհային ահաբեկչությամբ և միջուկային զենքի հնարավոր տարածմամբ»:
Նախ եկեք սկսենք նրանից, որ Օբաման, զուգահեռներ տանելով ԱՄՆ-ի Ռուսաստանի միջև, ասում է, որ իրենք «հիմնականում» (անգլերենով՝ generally) չեն գրավում իրենց հարևաններին, որպեսզի ձևավորեն սերտ համագործակցություն: Ի՞նչ ասել է, թե հիմնականում չենք գրավում: Այսինքն՝ մեկ-մեկ կարելի է, բայց հաճախակի` ոչ: Կարծում եմ՝ նման պատասխանատու մարդու կողմից սա լուրջ «կիքս» է: Ես չեմ կարծում, որ որևէ դեպքում ինչ-որ մեկը կարող է իրեն թույլ տալ խախտել միջազգային իրավունքը՝ լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ն, թե Մոզամբիկը: Սա այնպես, իմիջիայլոց:
Հետո Օբաման մեղադրում է Ռուսաստանին թուլության մեջ: Օբամայի ասելով՝ իրենք՝ համատեղ G7-ի երկրների հետ, Ռուսաստանի հանդեպ կկիրառեն տնտեսական պատժամիջոցներ և կմեկուսացնեն` այդպիսով ստիպելով վերջինիս նահանջել: Մինչ այժմ, սակայն, ո՛չ տնտեսական պատժամիջոցներն են աշխատել, ո՛չ էլ Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը: Ասեմ ավելին, «Բրիկս» անդամ-երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկկյան Հանրապետություն) արդեն իսկ դատապարտել են G7-ի քայլերը և նախազգուշացրել, որ Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցները չեն նպաստի ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված լարվածության թուլացմանը: Դեռ չեմ նշում այն երկրներին, որոնք ավելի բացահայտ կերպով աջակցում են Ռուսաստանի քայլերը:
Կարճ ասած, եթե Օբաման Ռուսաստանը համարում է «ընդամենը տարածաշրջանային տերություն», ապա պետք է քաջ գիտակցել, որ Ռուսաստանը այն տարածաշրջանային տերությունն է, որին հաջողվել է (ջանքերը դեռ շարունակվում է) ստեղծել այլընտրանքային միջազգային կոալիցիա՝ ընդդեմ Արևմուտքի կողմից ստեղծվածի: Հետո Ռուսաստանն այն տարածաշրջանային տերությունն է, որն ունի աշխարհում ամենամեծ միջուկային արսենալներից մեկը, և որին ոչ մի կերպ չի հաջողվում ռազմական միջոցներով ճնշել Արևմուտքի կողմից:
Թող Օբաման հեքիաթներ չպատմի, որ ռազմական ուժի դիմում են միայն թույլերը: Մենք, ինչպես պատմությունից, այնպես էլ ոչ վաղ անցյալից լավ էլ գիտենք, թե ինչ ռազմական ներխուժումներ է իրականացրել Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, երբ թե՛ դրա անհրաժեշտությունն է եղել, թե՛ հնարավորությունը: Այնպես որ, եթե Ռուսաստանի հանդեպ ռազմական ուժ չի կիրառվում, ապա դա արվում է զուտ քաղաքական պրագմատիզմից, այլ ոչ թե «վեհ արժեքներից» ելնելով:
Ընթերցողի համար, այնպես, իմիջիայլոց, նշեմ նաև, որ տարածաշրջանային տերության կարգավիճակ այսօրվա դրությամբ միջազգային հարաբերություններում համարվում է, որ ունի նույն Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Արգենտինան, Մեքսիկան, և այլն: Չգիտեմ՝ Ձեզ մոտ ինչպես, բայց ինձ մոտ ոչ մի կերպ չի ստացվում համեմատության նշան դնել այս երկրների և Ռուսաստանի միջև: Գուցե Օբաման ճիշտ է և շատ ավելի լավ է պատկերացնում միջազգային իրադրությունը, բայց հաշվի առնելով այն, ինչը քիչ առաջ նշեցի, այդ մոտեցումը լուրջ հարցերի բարձրացման առիթ է տալիս:
Ճիշտ հասկացեք, հարցն այստեղ ինչ-որ մեկին պաշտպանելու և մյուսին քննադատելու մեջ չէ, ասել է թե, ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ էլ արևմտամետ, ուղղակի պետք է հարցերի, առավել ևս նման հարցերի հանդեպ ցուցաբերել քննադատական մոտեցում: Իսկ Օբամայի ասածը միանշանակ արժանի էր նման մոտեցմանը: Իրականությանը պետք է նայել բաց աչքերով: