Լուսանկարիչ Ալեքս Սթոդդարդը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բավականին մեծ նվաճումների հասնել լուսանկարչության ասպարեզում: Նա հատկապես հայտնի է իր ինքնանկարների շարքով: Սթոդդարդի մասին ավելին իմանալու համար կարող եք ընթերցել նրա հետ անցկացված հարցազրույցը, որը ներկայացված է ստորև:
- Մի քանի խոսք Ձեր մասին:
- Ես 19 տարեկան եմ: Ներկայումս բնակվում և աշխատում եմ Կալիֆորնիայի Օրինջ շրջանում:
- Ի՞նչը Ձեզ ստիպեց ընտրել լուսանկարչի մասնագիտությունը:
- Ես միշտ հետաքրքրվել եմ լուսանկարչությամբ և ձգտել գտնել ինքնադրսևորման կրեատիվ եղանակներ: Ես բավականին վաղ գիտակցեցի, որ գեղանկարչությունն ինձ համար չէ: Ես սարսափելի գեղանկարիչ էի: Լուսանկարչությունն ավելի հեշտությամբ էր տրվում ինձ: Երբ առաջին անգամ ֆոտոխցիկը ձեռքս վերցրի, իմ մեջ ինչ-որ կայծ բոցկլտաց: Ես սկսեցի լուսանկարների միջոցով պատմել այն պատմությունները, որոնք մշտապես ցանկացել էի պատմել, սակայն նախկինում ի վիճակի չէի եղել:
- Հայտնի է, որ Դուք մի շարք ինքնանկարների հեղինակ եք: Պատմեք մի փոքր դրանց մասին:
- Երբ նոր էի սկսել լուսանկարչությամբ զբաղվել, իբրև բնորդ ես ինքս էի հանդես գալիս՝ հիմնականում այն պատճառով, որ այդպես ավելի հարմար էր: Միշտ չէ, որ գտնվում էր ինչ-որ մեկը, ում կարող էի լուսանկարել, և անգամ եթե ինչ-որ մեկը համաձայնում էր հանդես գալ իբրև բնորդ իմ ֆոտոսեսիաների ընթացքում, ես այդ դեպքում ևս նախընտրում էի ինքս ինձ լուսանկարել: Բանն այն է, որ ես վստահ չէի իմ աշխատանքների վրա և չէի ցանկանում որևէ մեկին ցույց տալ դրանք: Հենց այդտեղից էլ սկիզբ առավ իմ ինքնանկարչությունը: Ներկայումս ինքնանկարչությունը հիմնական տեղ է գրավում իմ լուսանկարչական աշխատանքում: Իմ ինքնանկարներում պատկերված կերպարները և դրանց տակ թաքնված գաղափարները գրեթե երբեք հիմնված չեն լինում անձնական փորձիս վրա: Իմ նկարներից շատերը շատ էմոցիոնալ են, սակայն ես իրականում միշտ ձանձրալի կյանքով եմ ապրել:
- Ինչպե՞ս եք ընտրում այն սքանչելի վայրերը, որտեղ անցկացնում եք Ձեր ֆոտոսեսիաները:
- Ես շատ եմ կարևորում ֆոտոսեսիայի անցկացման վայրը և դրա ընթացքում օգտագործվող զանազան պարագաները: Հագուստը, աքսեսուարները, բնորդը և լուսանկարչի հղացած գաղափարները հավասարաչափ կարևոր դեր են կատարում գոհացուցիչ վերջնարդյունք ստանալու գործում: Իմ բախտը բերել է, որ իմ շուրջ բազմաթիվ գեղեցիկ վայրեր կան, և ես ընտրության լայն հնարավորություն ունեմ:
- Ձեր լուսանկարներն աչքի են ընկնում զգայականությամբ: Ի՞նչն է խթան հանդիսանում, որպեսզի Դուք կարողանաք ստեղծել այդպիսի լուսանկարներ:
- Ես պարզապես սիրում եմ այնպիսի լուսանկարներ, որտեղ հերոսները պատկերված են շարժման մեջ: Լուսանկարը հաջող է ստացվում, եթե բնորդը մտնում է կերպարի մեջ և կարողանում ցույց տալ այն էմոցիաները, որոնք ամբողջացնում են տեսարանը: Իմ կյանքը երբեք բուռն ընթացք չի ունեցել, և ես անձնական շփումներում դժվարությամբ եմ կարողանում արտահայտել իմ էմոցիաները: Կարծում եմ, որ էմոցիոնալ լուսանկարներ ստեղծելով, ես կարողանում եմ արվեստի միջոցով արտահայտել այն էմոցիաները, որոնք դժվարանում եմ արտահայտել առօրյա կյանքում:
- Ձեր լուսանկարներն առանձնանում են վառ ու հարուստ գույներով: Ինչպե՞ս եք պլանավորում Ձեր աշխատանքը՝ այդ արդյունքին հասնելու համար:
- Ես այդ արդյունքին հասնում եմ ֆոտոսեսիայի նախնական պլանավորման և լուսանկարների հետագա մշակման արդյունքում: Այստեղ գործում է 50/50 հարաբերակցությունը: Նախքան լուսանկարելը, ես հոգում եմ, որ ստեղծվի գունային լավ սխեմա: Դրա համար ես ընտրում եմ այնպիսի վայրեր և հագուստներ, որոնք գեղագիտական տեսանկյունից լավ են համադրվում իրար հետ: Photoshop-ի ընձեռած հնարավորություններն անսահմանափակ չեն, ուստի եթե լուսանկարը վատն է, անգամ Photoshop-ը չի փրկի: Երբ ես սկսում եմ խմբագրել լուսանկարները, ես օգտվում եմ Photoshop-ից, որպեսզի կատարելագործեմ լուսանկարները:
- Ի՞նչ խորհուրդ կտայիք սկսնակ լուսանկարիչներին:
- Կարծում եմ, որ լուսանկարիչները պետք է ուսումնասիրեն իրենց գործընկերների աշխատանքները՝ միաժամանակ հավատարիմ մնալով իրենց ուրույն ստեղծագործական մոտեցումներին:
Բլից հարցոում
- Ի՞նչ է երջանկությունը Ձեզ համար:
- Մի բաժակ սուրճ իմ ձեռքում և 10 շուն գոգիս: Ես կենդանիների սիրահար եմ:
- Ինչի՞ց եք ամենից շատ վախենում:
- Վախենում եմ, որ կյանքի բնականոն ընթացքը կշարունակվի այն ժամանակ, երբ ես այլևս չեմ լինի:
- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի մեծագույն նվաճումը:
- Իմ լուսանկարների առաջին ցուցադրությունը Փարիզում:
- Որտե՞ղ կցանկանայիք ապրել:
- Վաշինգտոնի անտառներում գտնվող ինչ-որ մեկուսի տնակում:
- Ի՞նչն եք ամենից բարձր գնահատում Ձեր ընկերների մեջ:
- Նրանց հումորի զգացումը և սրտաբացությունը:
- Ի՞նչ է սերը:
- Մարդկանց միջև առկա այնպիսի կապ, որը կարող է դիմակայել 9 ամիս և 2200 մղոն:













































