1in.am-ը գրում է.

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի՝ Հայաստանում հետագա աշխատանքի ճակատագիրը կորոշվի օրեր անց: 

«Առաջին լրատվական»-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ պաշտոնական Կիևը Հայաստանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մարտի 27-ին ծրագրվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից հետո, որի ընթացքում ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչների քվեարկությանն է դրվելու Ղրիմում կայացած հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին բանաձևի նախագիծը, որն իր բովանդակությամբ նման է ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության դրված Ղրիմում հանրաքվեի անօրինական լինելու մասին ԱՄՆ-ի պատրաստած բանաձևի նախագծին, որի վրա ՌԴ-ն վետո դրեց: 

Ըստ մեր դիվանագիտական խողովակների՝ Հայաստանի քվեարկությունից հետո Կիևը կորոշի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի աշխատանքի հետագա ճակատագիրը: Ի դեպ, նախատեսվում է, որ ՄԱԿ ԳԱ նիստի ընթացքում կքննարկվի ուկրաինական ճգնաժամն այն ժամանակ, երբ բանաձևի նախագիծը կդրվի քվեարկության, և քանի որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բոլոր որոշումները խորհրդատվական բնույթ են կրում, արևմտյան դիվանագետների կարծիքով՝ եթե Ուկրաինային հաջողվի ստանալ ՄԱԿ անդամ երկրների մեծամասնության դրական քվեն, ապա բանաձևը կունենա քաղաքական կշիռ: 

Տեղեկացնենք նաև, որ բանաձևի նախագծում ընդգծվում է, թե Ղրիմում կայացած հանրաքվեն չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի ինքնավար հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի փոփոխության համար, և երկրները, միջազգային կազմակերպությունները, մասնագիտացված հաստատությունները չպետք է ճանաչեն կարգավիճակի որևէ փոփոխություն: 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ օրը ՄԱԿ ԱԽ-ն չէր կարողացել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ որոշում ընդունել: Դրան աջակցել էին 13 երկրներ: Ռուսաստանը վետո էիր կիրառել: Չինաստանը ձեռնպահ էր մնացել՝ հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել