ArmnewsTV.am-ը գրում է.
Ելույթ ունենալով գագաթնաժողովին` ՀՀ Նախագահ Սարգսյանը նկատել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում: Սեուլի գագաթնաժողովից հետո Հայաստանը քայլեր է իրականացրել համաձայնեցված նպատակների ուղղությամբ: 2013թ. մայիսին Հայաստանը վավերացրել է Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի 2005թ. լրացումը և «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան: Հայաստանը ամրապնդել է միջուկային նյութի հաշվառման և վերահսկման իրավական գործիքները` լրացումներ կատարելով Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման մասին օրենքում:
Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացման ազգային ծրագրի մշակում` ներգրավելով ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 կոմիտեի և Եվրոպական միության փորձագետներին: Հայաստանի նախագահը արձագանքել է նաև իրենից առաջ ելույթ ունեցած Իլհամ Ալիևին, որը խոսել է Մեծամորի մասին: Նախագահն անդրադառնալով Ադրբեջանի հնչեցրած բամբասանքներին, որ իբր Հայաստանը խնդիրներ է ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված, նկատել է, որ այդպիսի սուտն առաջին հերթին անվստահության դրսևորում է միջազգային կառույցների նկատմամբ, որովհետև Հայաստանը իր բոլոր ծրագրերը համակարգում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ:



