Նորմալ մարդն իր ամբողջ գիտակցական կյանքում բարեկարգում է իր միջավայրը, կառուցում է քաղաքներ, շենքեր, փողոցներ, բնակարաններ: Այդ բնակարանները կահավորում է հարմարավետ և որքան հնարավոր է էկոլոգիապես մաքուր նյութերից` փայտից պատրաստված կահույքներով, զանազան սարքավորումներով` գազօջախ, հեռուստացույց, միքսեր, բլենդեր, մսաղաց, ալեհավաք և այլն: Առօրյա կամ, ավելի ճիշտ, ժամանակակից կյանքում համահունչ և ներդաշնակ գործելու կամ ստեղծագործելու համար մարդն ակամա ձեռք է բերում բջջային հեռախոս, տեսախցիկ, պլանշետ, համակարգիչ, ավտոտրանսպորտ և այլն: Եվ այս թվարկածս ամեն ինչը ձեռք բերելը նյութապաշտություն չէ, սրանք այն բոլոր անհրաժեշտ իրերն ու առարկաներն են, որոնք, թեկուզ աննկատ, բայց առկա են մեր բնակարաններում, մեր աշխատասենյակներում, մեր գրպաններում և ամենուր: Հիմա մի շատ կարևոր հարց: Եթե երկրագնդի վրա չհատվեն անտառներ, չլինեն վնասակար արտանետումներով արդյունաբերող կոմբինատներ, գունավոր մետաղների թունավոր պոչամբարներով հանքեր, ապա ի՞նչ նյութերից պետք է պատրաստվեն դահլիճների կլոր սեղաններն ու աթոռները, ինչ գունավոր մետաղներից պետք է պատրաստվեն տեսախցիկներն ու միկրոֆոնները, հեռուստացույցերն ու ալեհավաքները, պլանշետներն ու յութուբի մալուխները, որոնց միջոցով տեսագրվում ու հանրությանն են մատուցվում բնության համար կյանք տվող հայրենասեր քաղաքացիների ցցուն ելույթները....

Հ.Գ. Անկեղծ ասած, ընդերքի և հանքարդյունաբերության գիտություններով չեմ զբաղվել, բայց ակնկալում եմ գիտական բացատրություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել