Կախվածության նախանշանները
Անընդհատ առաջանում է մուտքային նամակները ստուգելու կպչուն պահանջմունք՝ իմանալով անգամ, որ ոչ ոք չպետք է գրեր: Դուք, միևնույնն է, ձգտում եք միացնել համակարգիչն ու ստուգել դա: Հնարավոր է, որ Դուք ընդհանրապես միշտ գտնվում եք օնլայն՝ անգամ գիշերը չանջատելով համակարգիչը, որպեսզի հանկարծ բաց չթողնեք հետաքրքիր որևէ բան:
Դուք չափազանց շատ ժամանակ եք անցկացնում Ձեր մոնիտորի առջև և ամեն անգամ սոցիալական ցանց մտնելիս ինքներդ Ձեզ համոզում եք, որ դա կտևի ընդամենը երկու րոպե, սակայն արդյունքում սարսափով պարզում եք, որ օրվա կեսն անցել է:
Ձեր էջում կարգավիճակը (ստատուս) թարմացնելու, Ձեր ամեն մի նոր քայլն ընկերների հետ քննարկելու, ամենուրեք լուսանկարվելու և ավելի հաճախ նոր լուսանկարներ տեղադրելու սուր ցանկություն եք զգում: Ձեզ համար կարևոր է, թե օրվա ընթացքում քանի մարդ է այցելել Ձեր էջ, և ինչպես են նրանք մեկնաբանել Ձեր թարմացումները:
Ընկերների հետ ողջ շփումը տեղի է ունենում սոցիալական ցանցով, Դուք արդեն մոռացել եք, թե երբ եք նրանց տեսել վերջին անգամ:
Տարբեր խաղեր խաղալն առօրյա մյուս գործերի լավ այլընտրանք է հանդիսանում, Ձեզ կլանում է այդ գործընթացը, Ձեզ համար կարևոր է ավելի շատ մակարդակներ անցնել և բարձրացնել վարկանիշը:
Դուք սարսափելի զայրանում եք, եթե ինչ-որ պատճառով չեք կարողանում մտնել սոցիալական ցանցում Ձեր էջ: Դուք կարծես կտրվում եք արտաքին աշխարհից:
Այս ամենը խոսում է այն մասին, որ Դուք միանշանակ տևական կախվածություն ունեք սոցիալական աղբյուրներից: Սակայն անգամ եթե Ձեզ մոտ հայտնաբերել եք բոլոր այս նախանշանները, մի՛ վհատվեք, Դուք միշտ էլ ժամանակ ունեք Ձեզ հավաքելու, պետք է միայն ժամանակին հասցնել ասել «Կա՛նգ առ»:
Ինչպե՞ս կարելի է ազատվել կախվածությունից
1. Նախ և առաջ սահմանափակե՛ք սոցիալական ցանցում Ձեր գտնվելու ժամանակը, սահմանեք ժամանակային կաղապարներ: Ավելի լավ է ազատ ժամանակը Ձեզ համար օգուտով ծախսեք. հավանաբար Ձեզ մոտ չավարտված գործերի մի մեծ քանակություն է կուտակվել, որոնք Դուք անընդհատ հետաձգում էիք: Պետք է նաև անջատել էլեկտրոնային հասցեին եկող սոցիալական ցանցի բոլոր ծանուցումները, որպեսզի չպլանավորած ժամանակ Ձեզ մոտ ձեր էջ մտնելու գայթակղություն չառաջանա:
2. Աշխատե՛ք ավելի հաճախ հանդիպել ընկերներին անձամբ, ավելի շատ զանգահարեք նրանց հեռախոսով, հյուր կանչեք, այցելեք որևէ հարմարավետ մի վայր, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել, և Դուք կհասկանաք, որ դա շատ ավելի հետաքրքիր է, քան երեկոն մոնիտորի առջև անցկացնելը: Ձեզ համար շաբաթական գոնե մեկ օր առանձնացրեք, որն անպայման կկարողանաք նվիրել կենդանի շփմանը:
3. Ավելի շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում, գտեք հետաքրքիր զբաղմունք, որը կշեղի Ձեզ (օրինակ՝ սպորտային ակումբի աբոնեմենտ գնեք. ֆիզիկական ծանրաբեռնվածությունը թույլ կտա ոչ միայն կազմվածքը պահպանել, այլև միշտ լավ տրամադրություն ունենալ):
4. Սոցիալական ցանցում նորությունների ընթերցումը փոխարինեք հետաքրքիր գրքերի ընթերցմամբ, լրացրեք Ձեր գիտելիքները: Հնարավոր է, որ վաղուց երազում էիք փոխել աշխատանքը կամ բարձրացնել որակավորումը. սա սեփական կյանքը բարելավելու, ժամանակը կարիերային նվիրելու շատ լավ հնարավորություն է:
Հասկացե՛ք, որ իրական է միայն այն, ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա, այլ ոչ թե վիրտուալ աշխարհում, ցանցային աղբյուրներն անգամ չեն էլ նկատի Ձեր անհետացումը, իսկ այ Դուք կտեսնեք, թե որքան ազատ ու թեթև կզգաք առանց դրանց: Հավատացե՛ք, որ Ձեր հորինված աշխարհը երբեք չի փոխարինի մարդկանց հետ իրական շփմանը: Չարժէ զոհաբերել Ձեր իրական կյանքը, չէ՞ որ մեզ շրջապատող աշխարհը շատ ավելի հետաքրքիր է: Սովորե՛ք սոցիալական ցանցերի աղբյուրներն օգտագործել ի շահ Ձեզ և միայն անհրաժեշտության դեպքում: