Ռեփը ընդհանրապես կարդացվում է երաժշտության ծանր բիթերի տակ: Ռեփ կատարողներին անվանում են ռեփերներ կամ ավելի ընդհանրացած տեսքով MC: Ռեփ բառը անգլերենից թարգմանած նշանակում է խոսել, ասել: Կարծիքներ կան, որ Rap նշանակում է նաև Rhythm and Poetry (ռիթմ և պոեզիա), Rhytmic African Poetry (Ռիթմիկ Աֆրիկյան Պոեզիա) կամ Radical American Poetry (Ռադիկալ ամերիկյան պոեզիա): Բայց և նույն հաջողությամբ կարելի է ասել, որ ռեփը չի կարելի համարել հապավում, այսինքն՝ [R.A.P.], և եթե այս տեսանկյունից նայենք, ապա ուղղակի Rap նշանակում է հարված զարկ:
Ռեփը առաջացել է 1970-ական թվականներին աֆրոամերիկացիների Բրոնքս շրջանում, որտեղ փորձարկումներ էին անում յամայկացի DJ-ները: Ռեփի հիմնադիրներից եղել է DJ Kool Herc-ը: Ընդհանուր առմամբ, ռեփ կարդում էին DJ-ները, և նրանք դա անում էին ոչ թե գումար վաստակելու, այլ իրենց հաճույքի համար: Դրանք իրար հաջորդող հանգավորված երկտողեր էին և ուղղված էին հանդիսատեսին:
Ռեփի տարածմանը շատ նպաստեց նաև սևամորթների սիրողական ռադիոն, որը մատուցում էր մոդայիկ և նոր ոճի երաժշտություն: Առաջին մարդկանցից մեկը, ում անվանեցին ռեփեր ռադիոհաղորդավար Ջեք Գիբսոնն էր [մականունը Ռեփեր Ջեք]: Ռեփը մեծ տարածում գտավ և արդեն ռեփ կարդում էին հենց փողոցում, որտեղ էլ կազմակերպվում էին Rap Battle-ներ [Ռեփ մրցամարտեր], որի ընթացքում երկու ռեփերներ իրար հետ մենամարտում էին՝ միևնույն ժամանակ պահելով նաև երաժշտական ռիթմը և բառերի հանգավորվածությունը:
Հիփ-հոփ տերմինը՝ որպես այդպիսին, առաջացել է 1980-ական թվականներին և հասել է իր ճանաչման գագաթնակետին 1990-ականներին: Այս ժանրը կարող է լինել միևնույն ժամանակ շատ հասարակ, բայց և շատ դժվար: Հիփ-հոփը նույնպես ուղեկցվում է բիթերով, այսինքն երաժշտության ռիթմով: Ընդհանրապես յուրաքանչյուր 2-րդ տակտի ժամանակ դրվում է շեշտ, որն էլ անվանվում է Backbeat:
Clap-ը միատոն մի ձայն է, որը նման է ծափ տալու ձայնին: Snare-ը նման է թմբուկի ձայնին, հստակ է և կարճ: Կարևոր դեր է խաղում նաև բաս-թմբուկը [անգլ. kick drum] Գործիքների տեսականին ռեփում շատ բազմազան է: Այն կարող է բաղկացած լինել և՛ շատ քնարական ստեղնաշարերի արձակած հնչյունների տեսքով, և՛ համակարգչային բազմաթիվ հնչյուններից [բաս,էֆեկտներ]: