Ղարաբաղի գործոնը վերջին շրջանում ընդգծված բնույթ է ստանում, ավելին, այն դառնում է ավելի կարեւոր, քան Հայաստանի գործոնը: Դա ակնհայտ դարձավ, երբ Ստեփանակերտում տեղի ունեցավ Ղրիմի հանրաքվեի տարօրինակ տոնակատարությունը: Բոլորը զգուշացան՝ քանի որ եթե Ղարաբաղում հանկարծ ինչ որ մեկի մտքով անցներ դիմել Ռուսաստանին «միավորվելու խնդրանքով», Մոսկվան դա կընկալեր որպես լեգիտիմ քայլ եւ ձեռնամուխ կլիներ ղարաբաղցիներին «փրկելուն»:
Ղարաբաղում ոչ մեկի մտքով նման բան չանցավ, եւ դժվար թե անցնի, սակայն պահը կարող է բաց չթողնել Ռուսաստանը: Եւ ամերիկացի համանախագահը Ղարաբաղին «հիշեցնում» է նրա բարձր սուբյեկտությունը, այն, որ հենց Ստեփանակերտն է լիազորված որոշում ընդունել, այդ թվում նաեւ մաքսային միության հարցում:
Ներկայում բոլոր հարցերը, կապված Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ սահմանի հետ, լուծվում ենՄոսկվայի ու Երեւանի միջեւ: Այդ հարցերն առայժմ լուծված չեն, թեեւ բաց տեքստով խոսվում է մի սցենարի մասին, ըստ որի «մաքսային ուժերը» կանգնելու են ՀՀ եւ ԼՂՀ սահմանին: Իսկ դա նշանակում է, որ ցանկացած պահի այդ ուժերը կարող են փակել սահմանը եւ լիովին շրջափակել Ղարաբաղը:
Ամերիկյան 5 նահանգներ ճանաչել են Ղարաբաղի անկախությունը: Ճիշտ է, այդ կապակցությամբ Ստեփանակերտում տոնակատարություններ ու հրավառություն չի եղել, ինչպես Ռուսաստանին Ղրիմի միացման կապակցությամբ: Սակայն այդ գործընթացը պատահական չէր, եւ այն շարունակություն է ունենալու:
Հայաստանում երբեք չեն հասկացել Ղարաբաղի գործոնի նշանակությունը, այն ընկալելով որպես գլխացավանք եւ ոչ թե գլխավոր հաղթաթուղթ աշխարհքաղաքական խաղում: Այս «գլխացավանքից» ազատվելու փորձերն էլ հենց կոչվում է հայկական դիվանագիտություն:
Սակայն երեւում է գալիս է այն պահը, երբ թելադրելու է ղարաբաղյան գործոնը, եւ չի բացառվում՝ լիովին նոր աշխարհքաղաքական պայմաններում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ



