Civilnet.am-ը գրում է.
Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ տարհանված է Լաթաքիա: ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում այս լուրը հաստատեց Քեսապի Քարադուրան գյուղի գյուղապետ Աբրահամ Ղազարյանը։
Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումները անցել էին թուրք-սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի և մյուս հայաբնակ գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյանՔեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա :
Քեսապի մեկ այլ գյուղի՝ Դուզաղաջի բնակիչ Նշան Լենթյանն էլ տեղեկացրեց ՍիվիլՆեթին, որ Քեսապի բոլոր գյուղերը, բացի Էգիզոլուխից, ապստամբների ձեռքում են:
Թե՛ Ղազարյանը, թե՛ Լենթյանը, ինչպես մյուս քեսապցիները, ներկայում Լաթաքիայում են:
Աբրահամ Ղազարյանի խոսքով՝ թուրքական սահմանի կողմից Քեսապի ուղղությամբ հրթիռներ էին արձակվում: Սիրիական բանակը դիրքավորված էր Քեսապում և շրջակայքում, իսկ սիրիացի ապստամբները գործում էին թուրքական կողմից:
Կրակն ու բախումները չեն դադարել: «Վե՛րջ, Քեսապն այլևս չկա»,- ՍիվիլՆեթին ասաց Լենթյանը:
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քեսապն ու շրջակա հայկական գյուղերը սիրիական պատերազմի երեք տարիների ընթացքում Դամասկոսից մինչև Հալեպ հարյուրավոր հայ ընտանիքների համար անվտանգ ապաստան էին։ Քեսապի գյուղերի հայերն այժմ տարհանվել են Լաթաքիա և ապաստանել տեղի հայկական եկեղեցում ու դպրոցում:
Հաղորդվում է, որ հնարավոր է՝ Քարադուրան գյուղում դեռ մնացել են որոշ հայեր, սակայն նրանց հետ կապ հաստատել հնարավոր չէ: Գյուղի ղեկավարները փորձում են գտնել անհետ կորածներին:
Սիրիական պատերազմի ընթացքում Թուրքիան բազմատեսակ աջակցություն է ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող սիրիացի ապստամբներին, որոնց մեծ մասը սուննի իսլամի հետևորդներ են: Հակամարտության երեք տարվա ընթացքում Սիրիայում իշխող ալևիները պահպանել են վերահսկողությունը Լաթաքիայում և ամբողջ միջերկրածովյան հատվածի ալևիաբնակ շրջաններում՝ մինչև թուրքական սահման: Կառավարական ուժերը, սակայն, կորցրել էին վերահսկողությունը Թուրքիայի հետ սահմանային անցակետերում՝ բացառությամբ Քեսապի, որը երեկվա դրությամբ ևս անցել է ապստամբների վերահսկողությանը: