Ամփոփելով

1909-ին Կիլիկիայի (Ադանայի) կոտորածի ժամանակ ջարդեր եղան նաև Քեսաբում: Հայերի ցեղասպանության շարունակության` 1915-ի դեպքում նույնպես այս վայրերում սպանդ եղավ, լարված էր վիճակը նաև 1939-ին, երբ Քեսաբին հարակից սիրիական հողերը հանձնվեցին Թուրքիային (Ալեքսանդրետը կամ այժմյան թուրքական Հաթայը): Եվ ահա «արաբական գարնան» ընթացքում սկիզբ առած սիրիական ճգնաժամի ընթացքում էլ Քեսաբի հայերը կրկին վտանգի առաջ են, և նորից այդ վտանգը մեծամբ թուրքական է:

Գաղտնիք չէ, որ Սիրիայի հակամարտության ընթացքում Թուրքիան փորձում է չեզոքացնել հզոր սիրիահայ համայնքը, որի գոյությունը հարևան երկրում չի բխում Անկարայի շահերից: Հերթական հարվածն ուղղված էր Քեսաբին, և մեր ունեցած բազում տեղեկություններից պարզ է դառնում, որ շրջանի վրա հարձակված «ալ Նուսրայի» ճակատ իսլամիստական խմբավորումը գործել է Թուրքիայի գործուն աջակցությամբ, հնարավոր է` անմիջական մասնակցությամբ:

Այսպիսով՝ Անկարան ու զինյալները ոչ միայն հարվածում են Բաշար Ասադի հենակետին` ալավիաբնակ Լաթաքիային, այլ նաև փորձում են հայաթափել Թուրքիայի և այդ շրջանի միջև ընկած հայաբնակ հողերը: Հաշվարկը պարզ է` ազատվել բնակչության այնպիսի հատվածից, որը կարող էր որոշակի արգելք լինել Թուրքիայի` այս տարածքում ազդեցության տարածմանը, իսկ պատճաը, որ Թուրքիան ամենասկզբից ակտիվ ներգրավվեց սիրիական հակամարտությունը, այն է, որ Անկարան ցանկանում էր հարևան երկրում տեսնել իրեն ավելի լոյալ, ինչու չէ՞, իրենից կախում ունեցող իշխանության:

Քեսաբում և Սիրիայի այլ հայաբնակ (և ոչ միայն) վայրերում ստեղծված իրավիճակից լավագույն ելքը Սիրիայի զինված ուժերի համոզիչ հաջողություններն են «ապստամբների» դեմ պատերազմում: Սա որոշակիորեն հետ կպահի սիրիահայերին վտանգից, իսկ այն, որ «ալ Նուսրան», այն էլ Թուրքիայի ուղղորդմամբ, իրապես վտանգավոր է, կասկածել պետք չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել